Իսպանիայի հարավում՝ Գրանադա քաղաքում գտնվող «Էլ Ֆարգե» զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն հինգ աշխատակից։ Դեպքը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, իսկ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։
Ինչպես հայտնում է Daily Express-ը, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 08։58-ի սահմաններում։ Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության խմբեր։ Տարածքում նկատվել են նաև մի քանի ուղղաթիռներ։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի այրման հատվածում։ Հինգ աշխատակից տուժել է․ նրանցից երկուսը տեղում բուժօգնություն են ստացել այրվածքների պատճառով, իսկ երեքը տեղափոխվել են հիվանդանոց՝ լսողության հետ կապված խնդիրներով։
Տարածքն անվտանգ դարձնելուց հետո գործարան են մուտք գործել Ազգային ոստիկանության պայթուցիկ նյութերի վնասազերծման ստորաբաժանման՝ TEDAX-ի մասնագետները՝ գնահատելու հնարավոր հետագա վտանգները։
Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել հրետանային արկերի ոչնչացման աշխատանքների ընթացքում։
Անի Վարդանյան




























