Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, իսկ կազմակերպությունում նրա հետագա կարգավիճակը կախված կլինի անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։ Դուք լսել եք ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը։ Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշման մասին հարցին։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է քննարկվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման մասին։ Միաժամանակ, Երևանը դադարեցրել է կազմակերպության անդամավճարների վճարումը։




























