Armenian text to speach

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ստեղծել տեխնիկական պլանավորման եռակողմ խմբեր՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի առաջմղման նպատակով։ Խմբերը կզբաղվեն տրանսպորտային հաղորդակցության և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով։

Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված՝ երեք երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ նախաձեռնության շրջանակում համատեղ աշխատանք կիրականացնեն երեք երկրների պետական կառույցների ներկայացուցիչներն ու տեխնիկական փորձագետները։ Ծրագրի նպատակն է նպաստել տարածաշրջանային փոխկապակցվածությանը, տնտեսական զարգացմանը, երկարաժամկետ կայունությանն ու առևտրային կապերի ընդլայնմանը։

Նշվում է, որ ստեղծվելիք առաջին երկու եռակողմ խմբերը կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Նրանց աշխատանքը միտված կլինի տեխնիկական բարդ հարցերի կարգավորմանն ու նախագծի իրականացման հաջորդ փուլերին անցնելուն, այդ թվում՝ TRIPP-ի միավորմանը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ։

Համատեղ հայտարարությամբ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկելու TRIPP նախագծով նախատեսված բոլոր մեխանիզմները։

Նախագիծը դիտարկվում է նաև որպես 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևոր բաղադրիչ։




Մամուլի Տեսություն

Լրահոս