Ուղիղ վեց տարի առաջ այս օրը` նոյեմբերի 9-ին, Հայաստանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով հիմք դրվեց Արցախի Հանրապետության գոյության վերջնական դադարեցմանը։ Այդ փաստաթղթի 9-ը կետերով ամփոփվեց 44 օր տևած պատերազմը և արձանագրվեց Հայաստանի պարտությունը։ Այն հանգիստ կարելի է դասել Հայաստանի երկարամյա պատմության ամենա ոչ հայանպաստ պայմանագրերի շարքին։
Այն մասին, որ Հայստանի, Ադրբեջանի և Ռուսատանի առաջնորդները ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման մասին համաձայնագիր` հանրությանը հայտնի դարձավ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան։ Նրանց դատին հանձնվեցին հետևյալ 9-ը կետերը.
- Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
- Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
- Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
- Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
- Հակամարտության կողմերի համաձայնեցրած պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
- Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
- Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
- Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
- Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:
Այսինքն եռակողմ պայմանագրով հայկական կողմը կորցնում էր վերահսկողությունը Ղարաբաղին հարակից տարածքների նկատմամբ`Ադրբեջանին հանձնելով Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ Փաստաթուղթը, սակայն, միայն Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներ չէր պարունակում․ դրանում նախատեսվում էր նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակում, որի շրջանակում Հայաստանը պարտավորվում էր ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ երթևեկության համար։ Այդ հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացնեին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։
Հայտարարության 7-րդ և 8-րդ կետերով նախատեսվում էր նաև տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, ինչպես նաև ռազմագերիների, այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակումը։ Սակայն այս դրույթների իրականացումը հետագայում չապահովեց արցախահայության անվտանգ վերադարձի հնարավորությունը, իսկ ռազմագերիների և պահվող անձանց հարցը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենամեծ խնդիրներից մեկը։
Հանրության արձագանքին երկար սպասել պետք չէր. եռակողմ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքող ցուցարարները կեսգիշերն անց գրավեցին կառավարության և Ազգային ժողովի շենքերը, դաժան ծեծի ենթարկեցին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Մինչդեռ Բաքվում ադրբեջանական դրոշներով և մեծ տոնախմբությամբ տոնում էին իրենց հաղթանակը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտի մասին հանդես չեկավ պաշտոնական տեսաուղերձով։ Այդ օրը նրան ոչ ոք չտեսավ հեռուստացույցով, ինչպես Վլադիմիր Պուտինին կամ Իլհամ Ալիևին։ Նոյեմբերի 10-ին նա գրեց իր հայտնի ֆեյսբուքյան գրառումը` «Զրույց քաղաքացու հետ», որտեղ նա պնդում էր, որ որ եթե հասարակությանը ներկայացներ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հինգ տարածքները վերադարձնելու կամ պատերազմի տարբերակները, քաղաքացիները կմերժեին այդ առաջարկը, և Հայաստանը, նրա գնահատմամբ, միևնույն է կհայտնվեր պատերազմի իրավիճակում։
Այդպիսով, ավարտվեց մեկ ամսից ավելի տևած պատերազմը` մեծաքանակ զոհերով,տարածքային ահռելի կորուստներով և մի ամփոփ փաստաթղթով, որը իր ստորագրումից 6 տարի անց շարունակում է խառնել երկրի ներքաղաքական իրավիճակը, ինչպես արեց այդ ճակատագրական օրը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակը, սակայն, երկար չպահպանվեց։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից հետո ամբողջությամբ վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Դրան հաջորդեց ավելի քան 100 հազար արցախահայի բռնի տեղահանումը և Արցախի ամբողջական հայաթափումը։
Ամենացավալին թերևս այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրում Հայաստանից պահանջվող բոլոր կետերը արված են, մինչդեռ Ադրբեջանը դեռ չի շտապում վերադարձնել հայ ռազմագերիներին, որոնք շարունակում են պահվել Բաքվում և անցնել անհեթեթ դատական գործընթացների միջով։
Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից նոր զիջումներ պահանջել՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։ Միևնույն ժամանակ, Արցախում շարունակվում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու աղավաղումը։
Աննա Հանյան
























































































