Վարչապետի առանձնատնից «Էրեբունի» կոնյակը և երեք փողկապը հափշտակողին ազատել են քրեական պատասխանատվությունից։
Մարտիրոս Ենգիբարյանը հիմնական դատալսումների ժամանակ ցուցմունք տվեց այն մասին, որ ընդունում է ներկայացված մեղադրանքի այն մասը, որ ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղ գտնվելու ընթացքում կատարել է հափշտակություն։ Միաժամանակ չի ընդունում այն փաստը, որ նախապես` մինչև առանձնատուն մուտք գործելն ունեցել է հափշտակություն կատարելու դիտավորություն։ Զղջում է կատարածի համար։ Հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը գտնվել է աշխատանքի վայրում` Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոլվացման կետերից մեկում։ Հեռուստացույցով տեսել է տեղի ունեցող խառնաշփոթ իրավիճակը և որոշել է դուրս գալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։
Դրսում տեսել է, որ մարդիկ ջարդուփշուր են անում, կառավարության շենքի ուղղությամբ քարեր են նետում։ Փորձել է մարդկանց հորդորել դադարեցնել այդ գործողությունները՝ ասելով, որ նման վարքագիծը ճիշտ չէ, սակայն իրեն չեն լսել։ Ավելի ուշ լսել է, որ մի խումբ մարդիկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվում են Զվարթնոց օդանավակայան։ Ինքը ևս միացել է նրանց, սակայն, ուղևորվել են ոչ թե օդանավակայան, այլ վարչապետի կեցավայր։ Հասնելով այնտեղ՝ տեսել է, որ ժողովուրդը գազազած վիճակում քարեր է նետում դեպի տարածքը, իսկ պարսպի մյուս կողմում կանգնած են զինված ոստիկաններ։ Կրկին փորձել է հանգստացնել մարդկանց՝ նշելով, որ ոստիկանները կատարում են իրենց ծառայությունը և կապ չունեն տեղի ունեցածի հետ, սակայն իրեն կրկին չեն լսել։ Այնուհետև մի քանի հոգով որոշել են բարձրանալ պարսպի վրա և խնդրել, որ դարպասները բացվեն՝ ժողովրդի և ոստիկանների միջև բախում թույլ չտալու նպատակով։ Պարսպից ներս անցնելով՝ դիմել է այնտեղ գտնվողներին՝ ասելով, որ իրավիճակը լարված է և անհրաժեշտ է բացել դարպասները։
Այդ ընթացքում վերևից քարեր են ընկել։ Չի հիշում՝ անձամբ ինքն է բացել դարպասները, թե ոչ, սակայն դարպասները բացվել են խնդրանքներից հետո, իսկ անվտանգության աշխատակիցները մեջքով կանգնել են դեպի ժողովուրդը։ Որևէ բռնություն չի եղել։ Այնուհետև ժողովրդի հետ միասին մտել է վարչապետի առանձնատուն։ Մոտենալով տան մուտքին՝ երեք անգամ թակել է դուռը։ Դրանից հետո ձեռքը տարել է դեպի փականը և նկատել, որ դուռը բաց է։ Ենթադրել է, որ տանը մարդ չկա, և այդ պահին ժողովուրդը հրելով իրեն, ներս է մտել։ Ներսում տեսել է, որ մարդիկ շարունակում են ջարդուփշուր անել գույքը, և որոշել է դուրս գալ։ Դուրս գալու ժամանակ նկատել է, որ պոկել են Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նկարները։ Մոտեցել է և ասել, որ Արմեն Սարգսյանը դեռևս նախագահ է, իսկ Վազգեն Ա Կաթողիկոսի նկարը վնասելու պատճառ չի տեսնում։
Այնուհետև շրջվել է դուրս գալու նպատակով և նկատել է մի տուփ։ Սկզբում կարծել է, թե դրա մեջ հեռադիտակ կա, վերցրել է այն, իսկ դրսում բացելուց հետո տեսել է, որ այնտեղ 750 գրամանոց կոնյակ է, որից մոտավորապես 200 գրամ արդեն օգտագործված էր։ Մտածել է, որ եթե թողնի այնտեղ, հնարավոր է կոտրեն, այդ պատճառով վերցրել է՝ հետագայում օգտագործելու նպատակով։ Այնուհետև ոտքով շարժվել է դեպի Ազգային ժողով։ Այնտեղ տեսել է հավաքված մարդկանց և որոշել է մոտենալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Խորհրդարանի դռները բաց են եղել, ինքը ներս է մտել և կրկին ականատես եղել ջարդուփշուրի, ինչից հետո դուրս է եկել։ Հետո վերադարձել է ավտոլվացման կետ՝ իր հետ տանելով կոնյակը և տուփի մեջ եղած երեք փողկապները։ Կոնյակը բացված վիճակում է եղել։ Առավոտյան, երբ գործընկեր Վաչիկ Գևորգյանը եկել է աշխատանքի, որոշել են երկու բաժակ խմել, քանի որ ինքն այդ գիշեր հերթափոխի էր և պետք է տուն գնար` հանգստանալու։ Այնուհետև ցերեկը մեկնել է գյուղ։ Չի հիշում՝ կոնյակը տարե՞լ է իր հետ, թե ոչ, իսկ փողկապները, հետագայում դեն է նետել։
Վարչապետի կեցավայր չի գնացել որևէ բան գողանալու նպատակով։ Պարսպի վրայով անցնելու միակ նպատակը եղել է հնարավոր բախումը կանխելը, իսկ անվտանգության աշխատակիցները ողջ ընթացքում մեջքով կանգնած են եղել դեպի ժողովուրդը։ Երբ դուռը բացվել է, հասկացել է, որ վարչապետը ներսում չէ, և եթե նախապես իմանար այդ մասին, այնտեղ չէր գնա։ Վերցրել է տուփը՝ մտածելով, թե դրա մեջ հեռադիտակ կա։ Մտադիր է եղել դուրս գալ և դրանով դիտել տարածքը։ Տուփը բացել է բակում՝ ծառի տակ, և միայն այդ ժամանակ է տեսել, որ ներսում կոնյակ կա։ Որևէ թանկարժեք իր գողանալու ցանկություն չի ունեցել։ Առաջիններից մեկն է եղել, ով մուտք է գործել ներս, և եթե իսկապես նպատակ ունենար գողություն կատարելու, ապա կարող էր վերցնել ավելի արժեքավոր իրեր։
Արդյունքում, դատարանը Մարտիրոս Անդրանիկի Ենգիբարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 1-ի մասով։ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Մարտիրոս Անդրանիկի Ենգիբարյանին ազատել քրեական պատասխանատվությունից, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:
Արդյունքում Գլխավոր դատախազությունը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ դատարան:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























