Ցրտահարությունից ամենից շատ տուժել է ծիրանի բերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այսօրվա մամլո ասուլիսում խոսեց մարտի 30-ին և 31-ին զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով տեղի ունեցած ցրտահարության հետևանքների մասին:

Նախնական վնասը, ըստ փոխնախարարի, 11 մլրդ 181 մլն դրամ է:

Պրն. Պետրոսյանը հիշեցրեց գյուղնախարարության իրականացված միջոցառումների մասին, սակայն  ցածր ջերմաստիճանի պայմաններում այդ միջոցառումներն արդյունք չտվեցին: Ցրտահարության հետևանքով տուժել են այն տարածքները, որտեղ կային պտղատու ծաղկած ծառեր կամ այնպիսի ծառեր, որոնց բողբոջները բացվել էին:

Պաշտոնյայի խոսքով` հիմնական մշակաբույսը, որը տուժել է, ծիրանենին է. վնասվել է  6711 հա ծիրանենի:

«Սակայն որոշ համայնքներում (Արագածավան,  Լուսակն, Աշնակ) ծիրանենին չի տուժել: Մենք այս տարի Կոտայքի, Վայոց ձորի բարձրադիր հատվածներից ու Արագածոտնի մարզի մի շարք համայնքներից  ենք սպասում ծիրանի բերք: Ընդհանուր առմամբ՝ կանխատեսում ենք ստանալ 8000 տոնա ծիրանի բերք»,- մանրամասնեց փոխնախարարը:

Ի դեպ, վերամշակողներն ու արտահանողներին  ծիրանը չի բավարարի, բայց այդ պակասը կարող են լրացնել այլ մրգերի հաշվին:

Ցրտահարության հետևանքով քիչ, բայց տուժել են նաև դեղձենու, սալորենու այգիները, բայց մեծ մասամբ այս տարի դեղձենու մեծ բերք ենք ստանում: Խաղողի որոշ սորտեր վնասվել են, սակայն վնասները քիչ են, հետևաբար, այս տարի խաղողի պակաս ևս չենք ունենա:

Փոխնախարարը նաև  խոսեց գյուղացիներին տրված օգնության մասին, մասնավորապես՝ 278 մլն դրամ տրվել է  գյուղացիներին հողի հարկի մարման համար,  487 մլն դրամ՝ ոռոգման ջրի վարձը 50 տոկոսով վճարելու համար: 85 մլն դրամով  ձեռք է բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացու: Եթե անհրաժեշտություն լինի, խաղողի սորտերի տնկանյութեր կտրվեն գյուղացիներին:

Մյուս  աջակցությունը, որը տրվելու է գյուղացիներին, այն է, որ 160 մլն դրամ պետք է տրվի սոցապ նախարարությանը՝ խթանման միջոցով աջակցելու համար անապահով գյուղացիական տնտեսություններին, որպեսզի իրենք ընդգրկվեն իրենց տնտեսություններում, աշխատեն և ստանան վարձատրություն:




Լրահոս