Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Հեղինե Խաչիկյանը նոր պաշտոն է ստացել։ ArmLur.am-ը նրա LinkedIn-ի էջից պարզեց, որ նա նշանակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գլխավոր քարտուղար։
Խաչիկյանն այդ մասին հայտնել է իր LinkedIn-ի էջում՝ գրելով, որ ուրախ է կիսվել նոր պաշտոնում աշխատանքի անցնելու լուրով։
Հիշեցնենք, որ Հեղինե Խաչիկյանը սեպտեմբերի 30-ին հայտնել էր Ազգային ժողովում իր աշխատանքն ավարտելու մասին։ Նա նշել էր, որ այդ օրը իր վերջին աշխատանքային օրն է եղել ԱԺ-ում՝ ամփոփելով շուրջ 20 տարվա մասնագիտական փորձը։
Հատկանշական է, որ Խաչիկյանը համարվում էր ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կադրերից մեկը։ Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ներկայիս նախագահ Ռուբեն Ռուբինյանը սկսել է փոփոխություններ իրականացնել ԱԺ աշխատակազմում՝ ազատվելով Ալեն Սիմոնյանի օրոք նշանակված կադրերից և իր թիմակիցներին ներգրավելով աշխատակազմում։ Այդ փոփոխությունների շրջանակում պաշտոնը լքածներից մեկն էլ Հեղինե Խաչիկյանն էր։
Ինչ վերաբերում է նրա նոր աշխատավայրին, ապա տեղեկատվական համակարգերի կարգավորման կոմիտեն զբաղվում է Հայաստանի թվային վերափոխման խթանմամբ։ Կառույցի տեսլականը վստահության վրա հիմնված թվային հասարակության և տնտեսության ձևավորումն է։ Դրա առաքելությունն է թվային լուծումների ներդրման և լայն կիրառության միջոցով բարձրացնել հանրային ծառայությունների հասանելիությունն ու հարմարավետությունը, նպաստել քաղաքացիների հնարավորությունների ընդլայնմանը, բիզնեսի մրցունակության բարձրացմանը և պետական կառավարման արդյունավետությանը։
Այսպիսով, ԱԺ-ում աշխատանքն ավարտելուց հետո Հեղինե Խաչիկյանը նոր պաշտոն է ստանձնել արդեն թվային ոլորտի պետական կառույցում։
Սոնա Գրիգորյան

























