Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել շարունակել ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը՝ հաշվի առնելով միջազգային լարված իրավիճակը։
Նրա ուղերձը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային ֆորումի մասնակիցներին ընթերցել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Պուտինի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն միջազգային լարվածության պահպանման պայմաններում անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել կազմակերպության հնարավորությունները և համակարգել անդամ երկրների ջանքերը։
ՌԴ նախագահը հատկապես կարևորել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, կիբերհանցագործությունների կանխարգելումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարը։
Պուտինը նշել է, որ ֆորումը մեկտեղել է պետական մարմինների, ռազմական գերատեսչությունների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների, գիտնականների և փորձագետների։ Քննարկումների ընթացքում մասնակիցները պետք է գնահատեն ժամանակակից մարտահրավերների ազդեցությունը Եվրասիայի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա և քննարկեն տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման միջոցները։
Անի Վարդանյան




























