63-ամյա Ջենսեն Հուանգը, որին ԱՄՆ տեխնոլոգիական ոլորտում անվանում են նաև տեխնոլոգիաների «Թեյլոր Սվիֆթ», ղեկավարում է աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկը։ Նրա շուրջ ստեղծված իրավիճակը նոր հարցեր է առաջացրել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական բանականության ոլորտում սրվող մրցակցության համատեքստում։
BBC-ի հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պայքարում են արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրք գրավելու համար։ Nvidia-ն այդ մրցակցության առանցքային դերակատարներից է, քանի որ արտադրում է արհեստական բանականության համակարգերի համար անհրաժեշտ ամենահզոր չիպերից մի քանիսը։ Ընկերության տվյալների կենտրոնների համար նախատեսված նորագույն սարքավորումների մեկ միավորի գինը սկսվում է 50 հազար դոլարից, իսկ խոշոր կենտրոնները կարող են հարյուրավոր նման սարքեր ունենալ։
ԱՄՆ իշխանությունները նախկինում սահմանափակել էին Nvidia-ի առաջադեմ չիպերի արտահանումը Չինաստան՝ մտավախություն ունենալով, որ դրանց հասանելիությունը կարող է ուժեղացնել Պեկինի տեխնոլոգիական և ռազմական կարողությունները։ Հետագայում սահմանափակումները որոշ չափով մեղմացվել են։
Սակայն այժմ կասկածներ են առաջացել, որ Սինգապուրում գործող Megaspeed ընկերությունը, որի նախկին ղեկավարն Ալիս Հուանգն էր, կարող էր ներգրավված լինել այդ սահմանափակումները շրջանցելու և Nvidia-ի չիպերը Չինաստան տեղափոխելու գործընթացում։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերին գնել է Nvidia-ի միլիարդավոր դոլարների տեխնոլոգիական արտադրանք։ Megaspeed-ը, սակայն, հերքում է, որ այդ արտադրանքն ապօրինի նպատակներով է օգտագործվել։
Ջենսեն Հուանգն ինքը բազմիցս հանդես է եկել Չինաստան չիպերի արտահանման սահմանափակումները մեղմելու օգտին։ Նա պնդել է, որ արհեստական բանականության ոլորտում մրցակցությունը չպետք է վերածվի Չինաստանին ամերիկյան տեխնոլոգիաներից զրկելու քաղաքականության։
«Նախագահ Թրամփը ցանկանում է, որ հաղթի Ամերիկան, իսկ նախագահ Սին՝ Չինաստանը, և հնարավոր է, որ երկուսն էլ հասնեն իրենց նպատակին»,- անցյալ տարի BBC-ին ասել էր Հուանգը։
Այժմ Nvidia-ի առջև կանգնած հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք Ալիս Հուանգը Ջենսեն Հուանգի միջոցով հասանելիություն է ստացել ընկերության նորագույն տեխնոլոգիաներին և, եթե այո, արդյոք այդ տեղեկությունները փոխանցել է Պեկինին կամ այլ կողմերի։
BBC-ի հրապարակման համաձայն՝ հայտնի չէ, թե երբ են սկսվել և ավարտվել նրանց հարաբերությունները։ Սակայն կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում նրանք միասին են տարբեր միջոցառումների ժամանակ։
Հետաքննության շրջանակում կարևոր կարող է լինել նաև այն հարցը, թե արդյոք Nvidia-ի ղեկավարը հասանելիություն է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող տեղեկություններին, որոնք կարող էին փոխանցվել այլ կողմերի։ Հուանգը ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչներից է, ունի կապեր Սպիտակ տան հետ և անձնական շփումներ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Միևնույն ժամանակ, Nvidia-ն հայտարարել է, որ այս պահին որևէ ապացույց չկա, որ Ջենսեն Հուանգը գաղտնի տեղեկություններ է փոխանցել այլ անձանց։ Ընկերությունը ներքին հետաքննություն է սկսել, իսկ Հուանգը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել դրա հետ և ցանկանում է շարունակել ղեկավարել ընկերությունը։
Հուանգի ապագան Nvidia-ում դեռ անորոշ է, սակայն այս պահին նա ունի ինչպես ընկերության տնօրենների խորհրդի, այնպես էլ Թրամփի աջակցությունը։ ԱՄՆ նախագահը նրան անվանել է «պատվավոր մարդ» և հասկացրել, որ չի պատրաստվում հրապարակայնորեն երես թեքել նրանից։
Չնայած սկանդալին՝ Nvidia-ի բաժնետոմսերի անկումը դեռ չի վերածվել ընկերության նկատմամբ ներդրողների զանգվածային անվստահության։ BBC-ի հոդվածում ընդգծվում է, որ Հուանգի հեռացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ամբողջ արհեստական բանականության ոլորտի վրա, քանի որ ընկերության ղեկավարի համար ակնհայտ փոխարինող դեռ չկա։
Ջենսեն Հուանգը Nvidia-ն ղեկավարում է ավելի քան 30 տարի։ Հենց նրա որոշումն էր ընկերության գործունեությունը կենտրոնացնել արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա, ինչը հետագայում Nvidia-ին վերածեց համաշխարհային տեխնոլոգիական հսկայի։




























