«Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին»,- գրել է Ղազարյանը։
Նա նշել է, որ որոշումը կայացնելուց առաջ չի շտապել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ, քանի որ իր համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ։
«Խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է։ Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում, տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր և ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները»,- նշել է նա։
Ղազարյանի համոզմամբ՝ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում է իրացնել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամկետ զարգացման ծրագիր։
«Առաջնահերթ ու կարևոր պետք է լինեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը և ազգային հավաքականների մրցունակության բարձրացումը»,- ընդգծել է նախկին ֆուտբոլիստը։
Նա նաև կարևորել է ՀՖՖ նախագահի ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը՝ բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորությունների ապահովմամբ։
«Ես պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին, ոլորտի մասնագետներին և բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս նախաձեռնությանը՝ անկախ նախկին տարաձայնություններից և տարբեր մոտեցումներից»,- հայտարարել է Գևորգ Ղազարյանը։




























