ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի կմեկնեն Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Այս մասին Քուշները հայտարարել է Աբու Դաբիում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների ավարտից հետո։
Բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 11-ին, ավարտվել են առանց հստակ առաջընթացի։ Քուշների խոսքով՝ Մոսկվայում նախատեսված հանդիպման ընթացքում իրենք Պուտինին կներկայացնեն Աբու Դաբիում քննարկված հարցերը և կփորձեն առաջ շարժվել այն ուղղություններով, որտեղ, իրենց գնահատմամբ, հնարավորություններ են նկատել։
«Ես և Սթիվը վաղը կմեկնենք Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Պուտինին, քննարկելու այսօր բարձրացված հարցերը և փորձելու առաջընթաց գրանցել որոշ թեմաների շուրջ, քանի որ որոշ հնարավորություններ ենք տեսնում»,- ասել է Քուշները։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտադիր է առաջ մղել հումանիտար աջակցության և ռազմագերիների ազատ արձակման հարցերը։ Քուշները նաև նշել է, որ իրենք ցանկանում են բանակցային գործընթացում ներգրավել եվրոպական երկրներին։ Սակայն Մոսկվան մինչ այժմ դեմ է արտահայտվել բանակցությունների նման՝ բազմակողմ ձևաչափին։
Քուշները հայտնել է նաև, որ Մոսկվայից հետո ինքն ու Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նրանք նախատեսում են նրան ներկայացնել Աբու Դաբիում քննարկված առաջարկներն ու գաղափարները։
Հիշեցնենք, որ Ջարեդ Քուշները Թրամփի փեսան է և վարչակազմում պաշտոնական դիրք չունենալով՝ ներգրավված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական բանակցություններում։
Անի Վարդանյան




























