Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր պաշտոն Լենա Նազարյանի ամուսնուն, բունտ աշխատավարձերի համար, Քոչարյանի օգնականի հարցը. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Նախկին բնապահպանի ամուսին Բաբայանը նոր պաշտոն է ստացել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։ Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը։ Թեղուտի հանքավայրը պարզապես հերթական ձեռնարկությունը չէ։ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային այս հանքավայրը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է։

Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ»

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, որոշել է այլևս չլռել։ Պաշտոնից անակնկալ հեռանալուց մոտ երեք ամիս անց նա հրապարակային խոսք է հնչեցրել, որը բավականին անհարմար դրության մեջ է դրել իշխանական թիմին։ Գրիգորյանի վերջին հոդվածը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, այլև փաստացի քննադատության թիրախ է դարձնում Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած արտաքին քաղաքականությունը։ Նոյեմբերի 11-ին հրապարակված «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Արմեն Գրիգորյանը բավական կոշտ գնահատականներ է տվել եվրաինտեգրման գործընթացին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէ, իսկ այդ նպատակին ուղղված քայլերը կարող են ոչ թե նվազեցնել, այլ հակառակը՝ խորացնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կախվածությունը։ Նախկին պաշտոնյան, մասնավորապես, արձանագրել է, որ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և արդյունքում հայտնվել Մոսկվայի ավելի ամուր ազդեցության ներքո։ Գրիգորյանը զգուշացրել է նաև, որ առանց Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքների՝ ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է Հայաստանին կանգնեցնել տնտեսական, քաղաքական և անվտանգային նոր խնդիրների առաջ։

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել, որ իր մուտքը թույլատրեն ԱԺ շենք։ Հոկտեմբերի 29-ին նրա մուտքը խորհրդարան արգելվել է` Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպի պատճառով։ «..․որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որեւէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու եւ պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։ Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույնկերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Սուքոյանը` հրապարակելով աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշումը․ «Պատգամավորի օգնականի մուտքը ժամանակավորապես արգելված է Սուքոյանի եւ Վահագն Ալեքսանյանի ու Ծովինար Վարդանյանի միջեւ տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով»։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Սուքոյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել։ ԱԺ աշխատակազմը Սուքոյանից բացատրագիր է պահանջել ոչ միայն միջադեպի, այլեւ նրա ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։ Նա մեզ ասաց, որ միայն միջադեպի վերաբերյալ է բացատրագիր տվել: Իրեն աշխատավայր թույլ չտալու որոշումը համարում է ապօրինի եւ կասկածում է, որ ԱԺ աշխատակազմը նյութեր է հավաքում, որ իրեն նկատողություն հայտնի, 2 նկատողությունից հետո կարող են ազատել աշխատանքից։

«Իրավունք». Մինչեւ տարեվերջ սպասվում են հոգեւորականների վերաբերյալ նոր բացահայտումներ.

«Սարոյանը նենց դոսյե ա տվել…»: ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մինչեւ տարեվերջ սպասվում են հոգեւորականների վերաբերյալ նոր բացահայտումներ։ «Մասյացոտնի Սարոյանը նենց դոսյե ա տվել, թող ու փախի»,- իրենցից գոհ-գոհ ասում են իշխանականները»։




Մամուլի Տեսություն

Լրահոս