Armenian text to speach

Նախկին փոխնախարարը՝ ռեկտոր, նախարարը` հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 11-ի որոշմամբ հաստատվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը շարունակում է մնալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միաժամանակ փոփոխություններ են տեղի ունեցել հիմնադրի կողմից առաջադրված խորհրդի անդամների կազմում։ Մասնավորապես, խորհրդից դուրս է եկել ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը հոկտեմբերի 19-ին նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու հոդվածներով։

Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի համակցմամբ։ Հետագայում տնային կալանքը փոխարինվել էր բացակայելու արգելքով, իսկ ռեկտորի պաշտոնում նրա լիազորությունները կասեցվել էին։ Հատկանշական է, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Սրբուհի Գևորգյանն ու Ժաննա Անդրեասյանը մտերիմ ընկերուհիներ են եղել։

Նշենք, որ Արաքսիա Սվաջյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր «Աղբյուր» ճամբարի շուրջ ծագած սկանդալից հետո։ Այս տարվա հուլիսին «Ազատություն» ռադիոկայանը բացահայտել էր, որ վարչապետի նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար տեղափոխված երեխաները, այդ թվում՝ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ներկայացուցիչներ, հայտնվել էին անմխիթար պայմաններում։ Ճամբարում արձանագրվել էին լուրջ խնդիրներ՝ կապված ինչպես հիգիենայի, այնպես էլ սննդի հետ։ Երեխաները զրկված էին քնելու և լվացվելու տարրական պայմաններից, ինչի հետևանքով նրանց տեղափոխել էին մեկ այլ ճամբար։

Մինչև Արաքսիա Սվաջյանի նշանակումը Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում էր «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը։

Արաքսիա Սվաջյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը։ Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը, Բաբաջանյանը նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին։ ArmLur.am-ը նաև պարզել էր, որ նրա 2025 թվականի հայտարարագրում ընտանիքի անդամներից մեկը նշված է որպես փոխվարչապետի օգնական։

Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդում շարունակում են ընդգրկված մնալ նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Սերգեյ Թաշչյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը՝ այստեղ․

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս