Armenian text to speach

Ժաննա Անդրեասյանը քննարկել է գիտական արդյունքների առևտրայնացման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների, բուհերի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գիտական արդյունքի առևտրայնացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը։

Նախարարը նշել է, որ գիտական արդյունքի առևտրայնացման թիրախն ամրագրված է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրով․

«Մեր որոշ գիտական ինստիտուտներ ունեն այնպիսի արդյունքներ, որոնք կարող են հետաքրքիր լինել և առևտրայնացվել։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այս ճանապարհին հանդիպող խոչընդոտները, և ինչ փոփոխությունների, առաջարկների կարիք կա, որպեսզի կարողանանք այս շղթան արդյունավետորեն գործարկել։ Այսօրվա քննարկման նպատակն է հստակորեն նախանշել մեր հաջորդական քայլերը, որոնք կտանեն դեպի հիմնական նպատակը»։

Հանդիպման շրջանակում գիտական կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ոլորտում առկա խնդիրները, հանդես են եկել առաջարկներով և ներկայացրել իրենց փորձը։

Բարձրացված հարցերը, մասնավորապես, վերաբերել են մարքեթինգային գործունեության կազմակերպմանը՝ որպես առանձին գործառույթ, մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի պահպանման մեխանիզմներին, գնումների գործընթացի պարզեցմանը, ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու ընդլայնմանը, գիտաշխատողների կարողությունների զարգացմանը, կադրերի համալրմանը և այլն։ Քննարկմանը հատկապես կարևորվել է գիտությունը հասարակության կյանքում առավել տեսանելի և գործնական կիրառությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հանրային իրազեկման բարելավման նպատակով։




Մամուլի Տեսություն

Լրահոս