ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական թևը հետաքննություն է սկսել Բրայան Փոյնդեքսթերի նկատմամբ հնչած սեռական ոտնձգությունների մեղադրանքներով: Փոյնդեքսթերն անցած շաբաթ Օհայո նահանգում հաղթել էր հանրապետական Մաքս Միլլերին՝ ապահովելով իր տեղը Ներկայացուցիչների պալատում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Կոնգրեսի ընտրությունների հարցերով դեմոկրատական կոմիտեն (DCCC) ուրբաթ օրը տեղեկացրել է, որ անկախ ընկերություն է վարձել՝ մեղադրանքներն ուսումնասիրելու, հարցումներ անցկացնելու և փաստեր հավաքելու նպատակով։
«DCCC-ն տեղեկացվել է այս մեղադրանքների մասին, և մենք դրանց շատ լուրջ ենք վերաբերվում»,- հայտարարել է կոմիտեի գործադիր տնօրեն Ջուլի Մերցը։
Փոյնդեքսթերի նախընտրական շտաբի խոսնակը նրա արարքը որակել է որպես «անմեղ հաճոյախոսություն կամավորին»։ Ըստ խոսնակի՝ քաղաքական գործիչն ավելի ուշ է իմացել, որ կինն իրեն անհարմար է զգացել, և շատ ծանր է տարել կատարվածը։
«Երբ Բրայանն իմացավ այդ մասին, մենք իրավիճակը պարզելու համար անմիջապես սկսեցինք համագործակցել անձնակազմի կառավարմամբ զբաղվող արտաքին ընկերության հետ։ Ո՛չ Բրայանը, ո՛չ էլ նրա նախընտրական թիմը բնավ չեն ցանկանում, որ որևէ մեկն իրեն անհարմար զգա»,- նշել է շտաբի ներկայացուցիչը։
Առաջադրված մեղադրանքների մասին DCCC-ին ահազանգել են երկու քաղաքական կոմիտեներ՝ Blue Dog PAC-ը և Կոնգրեսի Առաջադիմական խմբակցության (Progressive Caucus) գործողությունների կոմիտեն։ Նրանց փոխանցմամբ՝ ենթադրյալ ոտնձգությունների մասին տեղեկատվությունն ստացվել է ընտրություններին նախորդած վերջին օրերին։
Կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են, որ փաստերը փոխանցել են DCCC-ին, ինչպես նաև օգնել են ենթադրյալ տուժողին կապ հաստատել իրավաբանների և աջակցման ծառայությունների հետ, որպեսզի վերջինս ինքնուրույն որոշի իր հետագա անելիքները։
Կոմիտեների ներկայացուցիչներն ընդգծել են, որ կինը խնդրել է հրապարակայնորեն չբարձրաձայնել մանրամասները, քանի որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը և նախընտրել է պահպանել հետագա քայլերն ինքնուրույն որոշելու հնարավորությունը։
Մինչև հետաքննության ավարտը երկու կոմիտեներն էլ հետ են կանչել Փոյնդեքսթերի թեկնածությանն ցուցաբերվող աջակցությունը։
Այս հետաքննությունն ընթանում է ԱՄՆ Կոնգրեսում ծավալված այն քննարկումների ֆոնին, որոնք վերաբերում են օրենսդիրների կողմից սեռական ոտնձգությունների և ոչ պատշաճ վարքագծի այլ դրսևորումների վերաբերյալ մեղադրանքների քննության ընթացակարգերի բարեփոխմանը։




























