Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածության եւ հոգեւորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների ֆոնին, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ծավալուն զեկույց՝ Եկեղեցում իբր առկա «ճգնաժամի եւ դրա լուծման ուղիների» մասին։ Փաստաթուղթը, որը բխեցվում է Կառավարության 2026-2031 թվականների ծրագրից, իրենից ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ ուղղված մեղադրանքների ամբողջական հավաքածու։
ArmLur.am-ը հանրությանն է ներկայացնում զեկույցի կարևոր կետերը։
Զեկույցում առանձնացվել է 16 հիմնական կետ, որոնցով իշխանական կառույցը փորձում է հիմնավորել Եկեղեցու ներսում տիրող խորը ճգնաժամը։ Առաջին հերթին շեշտադրվում է ՀԱՍԵ փաստացի պետի կողմից կուսակրոնության ուխտի խախտման, զավակ ունենալու եւ դրա հետեւանքով կաթողիկոսական աթոռի կանոնական պահանջներին չհամապատասխանելու հարցը։ Հեղինակները պնդում են, թե սույն փաստը վատ օրինակ է ծառայել այլ կուսակրոն հոգեւորականների համար, ինչի արդյունքում կուսակրոնության ուխտի խախտումները լայն տարածում են գտել բարձրաստիճան հոգեւոր դասի շրջանում, իսկ բարեվարքության խախտումների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվում։
Փաստաթղթում լուրջ տեղ են զբաղեցնում նաեւ կառավարման եւ կադրային քաղաքականության վերաբերյալ մեղադրանքները։ ՊՈԱԿ-ի զեկույցում նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամայական հետապնդումների է ենթարկում իրեն հակադրվող կամ արատավոր բարքերը քննադատող հոգեւորականներին՝ նրանց կարգալույծ հռչակելով առանց պատշաճ քննության։ Միեւնույն ժամանակ, ըստ զեկույցի, իշխանությունը յուրացվել է ազգակցական ձեռնադրությունների միջոցով․ պնդում է արվում, որ կաթողիկոսն իր ազգականներին ու ծննդավայրից շուրջ երկու տասնյակ անձանց ձեռնադրել է հոգեւորականներ եւ նշանակել բարձր եկեղեցական պաշտոններում։
Ֆինանսական եւ գույքային հատվածում իշխանական կառույցն արձանագրում է թափանցիկության բացակայություն եւ ստվերային հսկայական շրջանառություն։ Զեկույցում նշվում է, որ նվիրատվությունների վերաբերյալ հաշվետվություններ չեն հրապարակվում, իսկ եկեղեցապատկան գույքը տարիներ ի վեր օգտագործվել է ոչ նպատակային՝ լքվելով կամ ծառայեցվելով բիզնես նպատակների։ Անդրադարձ է կատարվում նաեւ Սփյուռքի թեմերում առաջացած պառակտումներին, ինչը, ըստ հեղինակների, հետեւանք է կանոնադրական ճնշումների, կամայական նշանակումների եւ գույքային միջամտությունների։
Զեկույցի զգալի մասը վերաբերում է Եկեղեցու ժողովրդավարական եւ կանոնադրական մարմինների գործունեության խափանմանը։ Նշվում է, որ կաթողիկոսության 27 տարիների ընթացքում խափանվել է Եկեղեցու գերագույն մարմնի՝ Ազգային-Եկեղեցական ժողովի, ինչպես նաեւ Եպիսկոպոսաց ու Եկեղեցական-ներկայացուցչական ժողովների գումարումը, տապալվել է ՀԱՍԵ միասնական Սահմանադրության ընդունումը, իսկ թեմերն ու ծխական համայնքները զրկվել են ինքնավարությունից եւ կառավարմանը մասնակցելու հնարավորությունից։
Քաղաքական հարթակում ՊՈԱԿ-ը հոգեւորականներին մեղադրում է բացահայտ քաղաքական գործունեություն ծավալելու, Սուրբ Խորանը քաղաքական քարոզչության նպատակով օգտագործելու, սոցիալական ցանցերում կեղծ էջերով ատելության խոսք եւ ապատեղեկատվություն տարածելու, ինչպես նաեւ Հայաստանում արտաքին ազդեցություններ տարածելու մեջ։ Փաստացի, պետական ապարատի ենթակայությամբ գործող կառույցի կողմից նմանօրինակ համապարփակ զեկույցի շրջանառումը ցույց է տալիս, որ իշխանությունները դուրս են եկել պարզ հայտարարությունների դաշտից եւ պետական ռեսուրսներն ու լծակներն ամբողջությամբ ուղղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ հոգեւոր դասի դեմ տեղեկատվական լայնածավալ արշավ իրականացնելուն։
Սոնա Գրիգորյան




























