Armenian text to speach

6 մլն 50 հազար դրամ կանխիկ գումար և 14.6 մլն դրամ եկամուտ․ ինչ ունեցվածք ունի Էրեբունու վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների անցած աշխատանքային ուղին և ուսումնասիրել նրանց ունեցվածքը։ Այս անգամ ArmLur.am-ի ուշադրության կենտրոնում Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն է։

Հակոբ Բալայանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 1-ին՝ Երևանում։ Ավարտել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է բուժակ աշխատելով․ 1988-1993 թվականներին աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում, 1993-1996 թվականներին՝ թիվ 4 կլինիկական հիվանդանոցում, իսկ 1996-2007 թվականներին՝ թիվ 6 բուժմիավորումում։

2007-2014 թվականներին աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ, 2014-2015 թվականներին եղել է նույն կենտրոնի փոխտնօրենը, իսկ 2015-2018 թվականներին՝ տնօրենը։ 2018-2021 թվականներին աշխատել է Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես ղեկավարի տեղակալ, այնուհետև՝ 2021-2022 թվականներին, եղել է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը։ 2022 թվականի հունիսի 22-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, իսկ 2023 թվականին կրկին նշանակվել է այդ պաշտոնում։Բալայանը ՔՊ անդամ է։

Անշարժ գույք և տրանսպորտ

ArmLur.am-ը ուսումնասիրեց Հակոբ Բալայանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և արձանագրեց, որ նա անշարժ գույք չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին և վերջում նրա անունով անշարժ գույք չի գրանցվել, ինչպես նաև տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ տվյալներ չկան։

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ նույնպես հայտարարագրում տվյալներ ներկայացված չեն։ Այսինքն՝ Բալայանը 2025 թվականի հայտարարագրում ավտոմեքենա չի նշել։

Դրամական միջոցներ

ArmLur.am-ը պարզեց, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին կազմել է 560 դրամ, իսկ տարեվերջին՝ 589 դրամ։

Ինչ վերաբերում է կանխիկ գումարին, ապա Հակոբ Բալայանը տարվա սկզբին հայտարարագրել է 5 մլն 100 հազար դրամ, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 50 հազար դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում կանխիկ գումարն ավելացել է 950 հազար դրամով։

Եկամուտ

2025 թվականի ընթացքում Հակոբ Բալայանը որպես աշխատանքի վարձատրություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացել է 14 մլն 697 հազար 235 դրամ եկամուտ։ Հայտարարագրում եկամտի այլ աղբյուրներ նշված չեն։ 

ArmLur.am-ը արձանագրեց նաև, որ հայտարարագրում Բալայանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդի, ինչպես նաև 2 մլն դրամը գերազանցող առանձին ծախսերի վերաբերյալ տվյալներ չկան։

Այսպիսով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը 2025 թվականի տարեկան հայտարարագրով ներկայացրել է 6 մլն 50 հազար դրամ կանխիկ գումար, 589 դրամ բանկային հաշվի մնացորդ և 14 մլն 697 հազար 235 դրամ տարեկան եկամուտ։

 

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս