ArmLur.am-ը տեղեկանում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու նիստ՝ ճանապարհների անվանափոխումների, պետական գույքի, սեփականության իրավունքի և վերանորոգումների վերաբերյալ.
Նախատեսվում է Երևան քաղաքում անվանափոխել, անվանակոչել նոր կամ անանուն փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ, «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 22 գրադարան ՀՈԱԿ-ին տրվելու է կոնկրետ անուն և կատարվելու են համապատասխան փոփոխություններ կանոնադրության մեջ:
Իրականացվելու են փոփոխություններ և լրացումներ ավագանու նախկինում ընդունված որոշումներում՝պայմանավորված ընթացիկ գործառնական կամ իրավական կարգավորումների ճշգրտմամբ, ստեղծվելու է «Երևանի սոցիալական ծառայությունների կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, և հաստատվելու է դրա կանոնադրությունը՝ քաղաքում սոցիալական ծառայությունների մատուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Փոխվելու են կոնկրետ հողամասերի նպատակային նշանակությունները, տրվելու է համաձայնություն Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/10 հասցեում գտնվող՝ «Ասլենդ» ՓԲԸ-ին պատկանող հողամասը հարևանությամբ գտնվող համայնքային հողամասի հետ փոխանակելու համար:
Մանրամասն քննարկվելու և զեկուցվելու է ՝ Երևանին պատկանող գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելը, սահմանվելու է Երևանի վարչական տարածքում հայտնաբերված դեն նետված գույքը, մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, պահելու և հաշվառելու կարգը, սահմանվելու է վարչական իրավախախտման գործիք կամ օբյեկտ հանդիսացող և առգրավված առարկաները սեփականատերերին վերադարձնելու կարգը:
Քննարկվելու են «Երևանի երեխայի խնամքի կենտրոնի» վերակառուցումը, կամ ընդլայնումը, «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնի» հիմնանորոգումը:
Վիկտորյա Բուդաղյան
























































































