Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը շարունակվի մի քանի տարի և դառնա հերթական երկարատև հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսը կրկնել է՝ իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և այն պետք է ոչնչացվեր։
Վենսը վստահություն է հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծված իրավիճակից Միացյալ Նահանգները դուրս կբերի հիանալի արդյունքներով։ Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ վարչակազմում Իրանի հետ կապված հարցերում տարաձայնություններ չկան։
«Որոշումները կայացնում է ԱՄՆ նախագահը։ Իհարկե, վարչակազմի ներսում բանավեճեր և քննարկումներ լինում են այն մասին, թե կոնկրետ ինչ պետք է արվի։ Եվ դրանք հաշվի են առնվում»,– ասել է Վենսը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ շարունակելու են ուժեղացնել տնտեսական ճնշումը։




























