Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարսիթ չունենալու համար վարորդները 20 հազար դրամ կտուգանվեն. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների տեղափոխման կանոնների խախտումն այսուհետ վարորդների համար շատ ավելի թանկ կնստի։ ՀՀ կառավարությունը հաստատել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով երեխաների տեղափոխման կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքը 5 հազար դրամից դառնում է 20 հազար դրամ։ Այսինքն՝ տուգանքը քառապատկվում է։

Փոփոխությունների հեղինակը Ներքին գործերի նախարարությունն է։ Գերատեսչության հիմնավորմամբ՝ գործող տուգանքի չափը բավարար զսպող ազդեցություն չունի, ուստի անհրաժեշտ է խստացնել պատասխանատվությունը։ Բացի 20 հազար դրամ տուգանքից, խախտում թույլ տված վարորդի հաշվից կհանվի նաև մեկ տուգանային միավոր։

Նոր կարգավորումներով՝ մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխումը պարտադիր է համապատասխան հասակի և քաշի համար նախատեսված մանկական նստատեղով։ Եթե քարսիթը տեղադրվում է առջևի նստատեղին՝ երթևեկության ուղղությանը հակառակ, անվտանգության բարձիկը պետք է անջատված լինի։

7-ից 12 տարեկան երեխաները հետևի նստատեղին կարող են տեղափոխվել ինչպես մանկական նստատեղով, այնպես էլ սովորական անվտանգության գոտիով ամրակապված։ Իսկ առջևի նստատեղին երեխային տեղափոխելու դեպքում մինչև 12 տարեկանը մանկական նստատեղի առկայությունը պարտադիր է։

Ըստ Առողջապահության նախարարության և ՆԳՆ տվյալների՝ ճիշտ ընտրված և ամրացված մանկական նստատեղը ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ շուրջ 80 տոկոսով նվազեցնում է երեխաների ծանր վնասվածքների և մահվան հավանականությունը։

Փաստորեն, պետությունը որոշել է երեխաների անվտանգության հարցում վարորդների անպատասխանատվության դեմ պայքարել ոչ միայն հորդորներով, այլև տուգանքի քառապատկմամբ։

Վիկտորյա Բուդաղյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս