Նոյեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ծառայողը Ծովակ բնակավայրի ճանապարհի եզրին նկատել է, որ վիճաբանություն է տեղի ունենում։
Վիճաբանության մասնակիցներից նա ճանաչել է 40-ամյա Շահեն Շ․-ին և, իրենց մոտեցած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի հետ միասին, կանխել է վիճաբանությունը։ Շահեն Շ․-ին և նրա հետ վիճաբանող երկու երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին Շահեն Շ․-ն հայտնել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հետևից լույսերը թարթելով՝ կանգնեցրել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում դեմքով ճանաչում է։
Վերջինս նույն օրը, իր կողմից հիվանդանոցում հետազոտվող կնոջը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Լիլիթ Մ․-ին դիտողություն անելու հետ կապված, վիճաբանել է իր հետ, որից հետո նա ընկերոջ հետ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այնուհետև հրել, գցել են գետնին և շարունակել հարվածել։ Ծեծկռտուքը դադարեցվել է միայն ոստիկանության ծառայողների միջամտությունից հետո։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շահեն Շ․-ին ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Սերժիկ Զ․-ն և նրա ընկեր 22-ամյա Խաչատուր Ե․-ն, ովքեր ոստիկանության Վարդենիսի բաժնում խոստովանել են կատարածը։
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շահեն Շ․-ն «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրենն է։
























































































