Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության տեքստը։
ArmLur.am-ը շարունակում է հոդված առ հոդված ներկայացնել, թե նոր Սահմանադրությամբ ինչ փոփոխություններ են նախատեսվում։
Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություն է նախատեսվում նաև քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու իրավունքի վերաբերյալ։
Նախագծի 20-րդ հոդվածով սահմանվում է ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ երկիր մուտք գործելու իրավունքի իրականացման կարգը վերապահվում է օրենքին։
Այսպիսով, նոր նախագծով այլևս ուղղակիորեն չի ամրագրվում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ երկիր մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք։ Նույն հոդվածով ամրագրված է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք, որը սահմանափակման ենթակա չէ։
Սոնա Գրիգորյան






















