Armenian text to speach

Հայաստանը՝ աշխարհիկ պետություն, խաղաղությունը՝ արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ նոր կետեր են ավելացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր Սահմանադրության նախագծով Հայաստանի Հանրապետության առաջին հոդվածներում և արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներում մի շարք փոփոխություններ են առաջարկվել։ Մասնավորապես, նախագծով Հայաստանը կսահմանվի նաև որպես աշխարհիկ պետություն, իսկ արտաքին քաղաքականության նպատակների շարքում կավելացվի խաղաղության ապահովումը։

Գործող Սահմանադրության առաջին հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։

Նոր նախագծի երկրորդ հոդվածում այս ձևակերպումը փոփոխվել է և սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, սոցիալական պետություն է»։

Այսպիսով, ավելացվել է «աշխարհիկ» բառը։ Աշխարհիկ պետություն նշանակում է, որ պետությունը տարանջատված է կրոնական կազմակերպություններից, որևէ կրոն պետական կրոնի կարգավիճակ չունի, իսկ պետական կառավարման և օրենքների ընդունման հիմքում կրոնական ուսմունքները չեն դրվում։ Այս սկզբունքը չի նշանակում կրոնի կամ հավատքի սահմանափակում, այլ պետության և կրոնական կառույցների տարանջատում։

Փոփոխություն է կատարվել նաև պետության հիմնադրման վերաբերյալ դրույթում։ Գործող Սահմանադրության մեջ նման առանձին հոդված չկա, մինչդեռ նոր նախագծի առաջին հոդվածում ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»։

Նախագծով նաև սահմանվում է, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակների իրականացումը պետական շահ է։

Ուշագրավ է նաև իշխանության պատկանելության վերաբերյալ ձևակերպումը։ Գործող Սահմանադրության երկրորդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Նոր նախագծում այն ընդլայնվել է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը»։

Նոր նախագծով նաև հստակեցվում է, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է, իսկ ժողովրդի իշխանությունն անօտարելի է և պաշտպանվում է Սահմանադրությամբ ու օրենքներով։

Փոփոխություն է առաջարկվել նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ հոդվածում։ Գործող Սահմանադրության 13-րդ հոդվածում սահմանված է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածում այս դրույթը պահպանվել է, սակայն ավելացվել է ևս մեկ նպատակ։ Ըստ նոր ձևակերպման՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և խաղաղություն ապահովելու նպատակով»։

Այսպիսով, արտաքին քաղաքականության նպատակների շարքում բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելուց բացի առանձին ամրագրվում է նաև խաղաղության ապահովումը։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս