ՕԵԿ-ը կուտակային կենսաթոշակների մասին ներկայացրել են օրենքի նախագիծ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում խոսքերով` քաղաքացիներին պետք է վերադարձվեն կուտակված գումարները:
Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է իրենց առաջարկը տարբերվում չորս խմբակցությունների առաջարկից, և ե՞րբ ՕԵԿ-ը հասկացավ, որ պարտադիր բաղադրիչը պետք է փոխարինվի կամավոր սկզբունքով, Հ. Մարգարյանը պատասխանեց, որ նմանություններ իրենց և քառյակի առաջարկներում կան, իսկ իրենց առաջարկը հնչել է բազմիցս և վաղուց:
«Մենք այսօրվա դրությամբ դեմ ենք պարտադիրին` լինի եկամտային հարկով, թե կուտակային: Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»,- ասաց Հ. Մարգարյանը:
Անդրադառնալով Կառավարության կազմի ծրագրին իրենց հավանական մասնակցությանը` Հ. Մարգարյանը հայտնեց, որ իրենք դեռևս չեն որոշել` կմասնակցեն, թե ոչ:
Նա նաև հայտնեց, որ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է, և ակտիվ համագործակցելու են քառյակի հետ:
«Մենք միշտ ենք համագործակցել: Բոլորովին վերջերս մենք նաև մասնակցեցինք ժողովին և քննարկեցինք շատ հարցեր: Մենք կանենք մեր առաջարկները, և կաջակցենք նրանց առաջարկների ընդունմանը: Մեծ հույսեր ունենք, որ նրանք էլ մեզ կաջակցեն»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ ժողովրդի առաջ ծառացած բազում խնդիրներն իրենց լուծումները կստանան բոլոր ուժերի ակտիվ համագործակցության դեպքում:
Հարցին, թե ի՞նչ ծրագրեր պետք է առաջադրի ընդդիմություն և ինչպե՞ս պետք է կարողանան հասնել արդյունքի, պրն Մարգարյանը պատասխանեց, որ ծրագրերը չպետք է լինեն բարի ցանկություններ: