ՍՊԱՆԵԼ Է ԵՂԲՈՐԸ
Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա Էրիկ Թալաշյանը, ով դեկտեմբերի 23-ին` ժամը 01:42-ին, տնից կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետքով, մահացած վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սպանվել է հարազատ եղբոր կողմից: armlur.am-ի հետ զրույցում ոստիկանության Մասիս քաղաքի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը տեղեկացրել է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Դեկտեմբերի 22-ին` կեսգիշերին, Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Էլլա» գիշերային ակումբում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով կռվի մասնակիցներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: news.am-ի տեղեկացմամբ` հաճախորդներն ու ակումբի աշխատակիցները միմյանց հարվածել են շշերով եւ տարբեր առարկաներով: Արդյունքում հաճախորդներից մեկը գլխուղեղի ցնցում եւ կոտրվածքներ է ստացել: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել ծեծկռտուքի պատճառը:
ՀՀԿ ՊԱՏՎԻՐԱԿԸ
ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության «Ամիրյան» շրջանային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպությունը Տիգրան Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
ԴԵՄԱՐՇ
Երեկ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» հոլդինգը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ՌԴ-ում իրականացվելիք 7 ծրագրերի մեջ ներդրվել է ավելի քան 1 մլրդ դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթից մեկ օր անց նման հայտարարության տարածումն այլ կերպ անվանել, քան դեմարշ ՀՀ իշխանություններին, չի կարելի: Իսկ կենցաղային հայերենով կլինի` «փող ունեմ, բայց չեմ տալիս»: Հիշեցնենք, որ հիմնադրամի հանգանակությանն այս տարի ընդամենը մեկ միլիոն դոլար նվիրաբերած Սամվել Կարապետյանը ֆիզիկապես ներկա չէր ընթրիքն. նա նվիրատվության խոստումը տվել էր հեռախոսով:
200 ԴՐԱՄ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով աղբահանության վարձավճարի չափի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներով տարածված ոչ ճիշտ տեղեկատվությանը, երեկ եւս մեկ անգամ ընդգծել է, որ Երեւանի ավագանու որոշման համաձայն` աղբահանության վճարի չափը փաստացի բնակվող մեկ անձի համար սահմանվել է ամսական 200 դրամ: