ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 12-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի տնօրեն գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովին: Ակադեմիայի տնօրենը ներկայացրել է մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ իրականացված բոլոր համատեղ նախաձեռնություններն առանձնանում են բարձր որակով և մեծ կազմակերպչականությամբ:
Զրույցի ընթացքում կողմերն առանձնացրել են այն առաջնահերթությունները, որոնք իրականացվելու են մոտ ապագայում՝ շեշտը դնելով պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, կրթամեթոդիկ ծրագրերի փոխանակման, համատեղ կոնֆերանս-սեմինարների և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների վրա:
Արդարադատության նախարարը նշել է, որ հետաքրքրված է ակադեմիայի հետ համագործակցությամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական համակարգի աշխատակիցների վերապատրաստման միասնական ծրագրի և մեթոդաբանության փոխանակման հարցերում:
Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հյուրին հավաստիացրել է, որ կաջակցի հետագա ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով իրավական համակարգի աշխատակիցների ուսումնակրթական բարձր պատրաստվածության առաջնահերթությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: