Ռեժիսոր Արթուր Սահակյանը, որը «Ռիչարդ» 3-րդ ներկայացման բեմադրիչն է, շարունակում է ստեղծագործական բուռն գործունեություն ծավալել:
Armlur.am-ի հետ զրույցում ռեժիսորը տեղեկացրեց, որ դեկտեմբերին դրամատիկական թատրոնում պատրաստվում է բեմադրել Արթուր Միլլերի «Շրջիկ գործակալի մահը» գործը, որը բավական հետաքրքրիր ստեղծագործություն է և ռեժիսորի խոսքով` կարծես թե Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ:
Արթուր Սահակյանը համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանում լավ դերասաններ չկան՝ նոր գործեր բեմադրելու համար:
«Դա մակերեսային վերաբերմունք է: Կան լավ դերասաններ, պարզապես լավ դերասանների պակասի մասին խոսողները պատրաստի բան են ման գալիս: Չեն գտնում իրենց ուզածին, նման կարծիք են հայտնում»,- կարծում է ռեժիսորը` հավելելով, որ պետք է աշխատել մեր լավ դերասանների հետ նրանց մհերմկրտչյաններ դարձնելու համար:
Իր մտահղացումները իրականացնելով թատրոնում` Արթուր Սահակյանը մեկն է այն ստեղծագործողներից, որը լավ գիտի թատրոնի խնդիրները:
Առաջին և հրատապ խնդիրը մեր զրուցակիցը համարում է թատրոնի խաղացանկի մասին տեղեկացնելը, օրինակ՝ գովազդային պաստառներով, որպեսզի քաղաքի մի ծայրում ապրողը ցանկացած պահի կարողանա իմանալ` ինչ է բեմադրվում այսօր այս կամ այն թատրոնում:
Ինչ վերաբերում է թատրոնի և իրականությանը համընթաց քայլելուն, ստեղծագործողը հարցադրումը այդքան էլ ճիշտ չի համարում. ռեժիսորի կարծիքով՝ այսօրվա իրականության մասին նախ պիտի գրվեն գործեր, ապա որոշվի` արդյոք այդ գործերը պետք է թատրոնում ցուցադրել:
«Թատրոնը խոսում է հավիտենական արժեքների, իսկ այսօրվա իրականությունը շատ ճղճիմ է թատրոնի համար»,- ասաց Սահակյանը:
Թեև մեկ ամսից ավելի է, որ «Ռիչարդ» 3-րդը բեմադրվում է լեփ-լեցուն դահլիճներում, սակայն ներկայացման մասին կան և´ դրական, և´ բացասական գնահատականներ, որն ինչ-որ չափով ուրախացնում է ռեժիսորին: «Ինչքան մարդ, այնքան կարծիք»,- այսպես է արձագանքում ստեղծագործողը բացասական արձագանքներին:
Արթուր Սահակյանի խոսքով` Շեքսպիրին Երևանում այնքան լուրջ են վերաբերվում, որ կարծես նա մեր այբուբեն ստեղծողը լինի: «Ռիչարդ» 3-րդ ներկայացման ժամանակ, ինչպես պատմեց ինձ իմ ծանոթներից մեկը, սև շորեր հագած եկել էին ինձ ու Տիգրան Ներսիսյանին «թաղելու», բայց «թաղումը» չհաջողվեց»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արթուր Սահակյանը, բացի լավ բեմադրիչ ու ռեժիսոր լինելուց, նաև այս երկրի քաղաքացի է ու մտավորական: Հետաքրքիր է` ինչ սպասելիքներ ունի նա նոր ձևավորված կառավարությունից ու վարչապետից:
«Ոչ մի սպասելիք: Ուղղակի կցանկանամ, որ կառավարությունն ու մեր պաշտոնյաները ձգտեն այնպես լավ անեն իրենց գործը, ինչպես մենք ենք ձգտում»,- եզրափակեց ստեղծագործողը:
Սոնա Դավթյան