Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կառույցը պայքարի այլ տակտիկա է որդեգրել: «Մեզ ոչ ոք չի խանգարում, պարզապես այլ տակտիկա ենք որդեգրել: Մենք աշխատում ենք, պայքարում ենք»,- ասաց ազատամարտիկը:
Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ազատամարտիկների գործունեության մասին տեղեկատվություն ստանալ, կարող են «Տիգրան Մեծ» շտաբ գնալ ու ծանոթանալ նրանց գործունեությանը:
-Պրն Ավետիսյան, նախորդ տարի Սուրեն Սարգսյանը Ազատության հրապարակում իշխանություններին ու Սերժ Սարգսյանին պահանջներ ներկայացրեց`ասելով, որ եթե դրանք չիրագործվեն, Սերժ Սարգսյանն այլևս նախագահի պաշտոնում չի լինի: Ցայսօր Սարգսյանը նախագահի աթոռին է: Չեք կարծում, որ նման հայտարարությունները հիասթափեցնում ու մի փոքր ոչ լուրջ վերաբերմունք են ստեղծում ձեր կառույցի հանդեպ:
-Նման հայտարարությունները կարող են հիասթափություն առաջացնել ոչ միայն կառույցի հանդեպ, այլև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ևս նման բան են ասում:
-Այսինքն` դուք ընդունո՞ւմ եք, որ միգուցե շտապեցիք, արեցիք ամպագոռգոռ հայտարարություն, որն անկատար մնաց:
-Մեր ցանկություններն ավելի մեծ էին, քան հնարավորությունները:
-Իսկ հիմա իշխանափոխություն անելու ելքեր կամ ճանապարհներ տեսնո՞ւմ եք:
-Այո:
-Ո՞ւմ միջոցով: Միայնակ, թե այլ քաղաքական ուժերի հետ համատեղ:
-Միայնակ անհնար է: Բայց հույսը մեծ մասամբ մեզ վրա ենք դնում:
-Նախորդ տարի բանակցում էիք ԲՀԿ, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, հիմա ի՞նչ փուլում են այդ բանակցությունները:
-Մենք համագործակցում էինք քաղաքական այլ ուժերի հետ: Հիմա խորհրդարանական այդ երեք ուժերի հետ նախորդ տարվա պես նման տեմպերով չենք համագործակցում, բայց համագործակցություն կա, կապերը չենք խզել: Մենք հիմա հետևում ենք «քառյակի» գործողություններին:
-Դուք կարծում եք հիմա «քառյակ» կա՞:
-Այո:
-Առաջիկայում ինչ-որ հանրահավաք կամ այլ միջոցառում նախատեսո՞ւմ է ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը:
-Հանրահավաք չէ, բայց միջոցառում մայիսի 28-ին նախատեսվում է:
Սոնա Դավթյան