Շիրակացու անվան ճեմարանը կթույլատրի հեռախոս օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տարածքում միջին և ավագ դպրոցների սաներին արդեն թույլատրվում է օգտվել  բջջային հեռախոսներից, սակայն գոյություն ունեն օգտագործման որոշակի պայմաններ:

Մասնավորապես, պետք է օգտագործել միայն «Օրանժ Արմենիա»  բջջային օպերատորի կողմից տրամադրված հեռախոս և քարտ: Պարզելու համար, թե ինչու է նման պայման դրվել սաների առջև, armlur.am-ը զրուցեց ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ:

Նա մեզ հետ զրույցում  ասաց, որ նման որոշման պատճառ  է դարձել տվյալ բջջային օպերատորի կողմից ավելի հարմար պայմաններ առաջարկելը:

«Օրանժը» կատարեց մեր ցանկությունը, որ տեքստային հաղորդագրություններն արգելվեն և միայն հեռախոսազանգի հնարավորություն լինի», – նշեց նա, հավելելով, թե տվյալ բջջային օպերատորը նաև ինքնարժեքով իրենց է տրամադրել բջջային հեռախոսներ:

Տնօրենի խոսքով՝ իրենց հարյուրավոր այլ ընկերություններ ևս տարբեր առաջարկներ են արել, բայց սա ամենահարմարն է եղել:

Նա նշեց, թե նախկինում բջջային հեռախոսներն արգելված են եղել այն պատճառով, որ սաները դրանք օգտագործել են այլ նպատակներով: Մեր այն հարցին, թե շատ են նախկինում այնպիսի դեպքեր եղել, երբ երեխան իր հետ հեռախոս էր բերել, նա պատասխանեց, թե ոչ այնքան, քանի որ բերողներն էլ միշտ խիստ պատժվում էին:

 




Լրահոս