Ընդամենը երկու օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտարարում էր, թե «բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»:
Երեկ նորանշանակ վարչապետի ասածի հակառակը փաստող հայտարարությամբ է հանդես եկել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն, ահազանգելով, որ «Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է ևիրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով»:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:
2014թ.-ի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռեւս ուժի մեջ չի մտել և գտնվում է Վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է ևգույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին»:
Այսպիսով` Հայաստանի համար եզակի նշանակություն ևարժեք ունեցող համալիրի աճուրդի հետ կապված աննախադեպ մասշտաբի «զոռբայության և իշխանական լծակների» չարաշահման մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել, որին, սակայն, ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել:
Ընդ որում, խոսքը գնում է«զոռբայությամբ և իշխանական լծակների օգտագործմամբ» ահռելի հարստություն դիզած գործարար-պաշտոնյայի` ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի մասին, ով ժամանակին առանցքային դերակատարություն է ունեցել նաև այլոց բիզնեսների եթե չասենք` յուրացման, ապա սնանկացման մեջ:
Ամենահիշվող օրինակը «Սթար» սուպերմարկետների ցանցի սննկացումն էր, որում իր ուրույն դերն ուներ Պողոսյանը: Ընդ որում, այս պաշտոնյայի մոտ «զոռբայության» դրսեւորումներն այնքան ակնառու էին, որ նա, անգամ իր աշխատաեսնյակում հարվածելով ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայիս ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն (իր ենթակային ևիր հոր տարիքի մարդուն)` ոչ միայն պաշտոնանկ չարվեց, այլևկոչման բարձրացում ունեցավ, իսկ դրա համար պաշտոնանկ արվեց արդարադատության նախարար, իր ոլորտի եզակի պրոֆեսիոնալ Գեւորգ Դանիելյանը:
Դե ինչ` Հովիկ Աբրահամյանին լավ հնարավորություն է ընձեռվել ապացուցելու, որ ի տարբերություն խնամու, իր խոսք իրապես գործ է: Սպասենք: