Լրագրողների աշխատանքն անխափան ապահովելը պետք է լինի այս իշխանությունների թիվ մեկ հրամայականը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի հերթական դրսեւորմանն ականատես եղանք: Նախ` երեկ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Նա մինչ այդ կանչվել էր ՀՔԾ` հարցաքննության, իսկ այս դեպքից ժամեր անց տեղեկություն տարածվեց արդեն «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա հարձակման դեպքի մասին:

Մասնավորապես, երեկ նրանք նկարահանման են եղել Հովտաշատ համայնքում, որտեղից տեղեկություն էին ստացել, թե ներխուժել էին «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան: Մեկնելով դեպքի վայր` շուրջ 60 հոգով ավտոմեքենաներով շրջափակել են նրանց, հարվածել, վնասել տեսախցիկը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ:

Նկատենք, որ վերջին շրջանում շատացել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաեւ նրանց իրավապահ մարմիններ հրավիրելու, բացատրություն պահանջելու դեպքերը: Եվ շատ հաճախ դրանց հետեւանքը նախկին դեպքերի չբացահայտվելն է լինում:

Ստացվում է` բացի անպատժելիության մթնոլորտից, անհանդուրժողականություն է առկա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, մանավանդ եթե հրապարակվում են իշխանությանը ոչ կողմ նյութեր: Երեկ համացանցային թիրախում դարձյալ «Ժողովուրդ» օրաթերթն էր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին գրված նյութի պատճառով: Իսկական գրոհ էր սկսվել քաղաքապետարանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ:

Դե, դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելը եւս այս շարքի շարունակությունն է, եւ ինչպես հայտարարել ենք նախկինում, մենք հետեւողական ենք լինելու այդ դեպքի ամբողջական բացահայտմանը, որպեսզի մեղավորները պատժվեն, եւ բոլորին ազդակ լինի, որ լրագրողն իր աշխատանքն է ընդամենը կատարում, եւ պետք չէ նրանց թիրախավորել, բաժանել սեւերի ու սպիտակների կամ փորձել հաշվեհարդար տեսնել: Լրագրողների աշխատանքն անխափան ապահովելը պետք է լինի այս իշխանությունների թիվ մեկ հրամայականը, եւ որքան էլ հայտարարվի, թե մամուլն այժմ ազատ է ավելի, քան երբեւէ, պետք է բացառվեն նաեւ այսպիսի դեպքերը:




Լրահոս