Նիկոլ Փաշինյանի մեսսիջը սորոսականներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգության ծառայությունը երբեք չի անցել կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»,- այս մասին նախօրեին Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, նաեւ այսօր, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որովհետեւ դա նաեւ իմ պատկերացումն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը չպիտի լինի որեւէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն», – հայտարարեց նա: Եվ սա այն դեպքում, երբ մինչ այդ հանրության մի շրջանակ ակտիվորեն քննադատում էր Ազգային անվտանգության ծառայությանը, փորձում սեւացնել նաեւ մինչեւ այժմ արված աշխատանքը՝ մեղադրելով ապօրինությունների մեջ:

Ընդ որում, ընդգծենք, որ նախորդ շաբաթ օրը մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով քննության առարկա դարձնել Ազգային անվտանգության ծառայության` տարբեր տարիներին իրականացրած գործունեությունը, նշում էին, որ պետք է ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման ուղղությամբ։ Սակայն ՀՀ վարչապետի նախօրեի ելույթը թերեւս պատասխանն էր այդ իրավապաշտպան կազմակերպությունների դիմումին առ այն, որ ինքը վստահում է ԱԱԾ-ին եւ նման ստուգումների կարիք չի տեսնում:

Իսկ ինչո՞ւ էին փորձում մեղադրել ԱԱԾ-ին եւ նրա նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Երբ պաշտոնից ազատվելուց հետո Վանեցյանը հայտարարեց, որ «Սորոսի գրասենյակի» գործունեությունը վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար, այդպիսին համարվող շրջանակների կողմից կրկին հարձակում եղավ ԱԱԾ նախկին տնօրենի վրա:

Բավական է հիշեցնել, որ այս տարվա դեկտեմբերի 7-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարություն էր տարածել եւ նշել. «Դիմում եմ ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին, որը Վանեցյանի մտերիմն է, հորդոր` վե՛րջ տվեք Ձեր մտերիմներին պաշտոններին նշանանակելու պրակտիկային եւ զբաղվե՛ք գործով, Ձեր համակարգը ապօրինություններ եւ կոռուպցիոն հանցագործություններ կատարածներից մաքրելով զբաղվե՛ք, եթե, իհարկե, նման խնդիր տեսնում եք եւ ունակ եք տեսնելու եւ լուծելու»:

Դրան ի պատասխան` ստացել էր ԱԱԾ-ի քննադատական հայտարարությունը, թե վերջինս անցել է թույլատրելիի բոլոր սահմանները: Եվ, ահա, ՀՀ վարչապետի` ԱԱԾ-ին վստահելու մասին հայտարարությունը թերեւս վերջ պետք է տա բոլոր նման խոսակցություններին:




Լրահոս