Ահազանգ. քանի դեռ արտիստները չեն դժգոհում, այդ հարցի մասին խոսելու կարիք չկա. ինչ է կատարվում Օպերային թատրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են. օրեր առաջ մեզ հայտնեցին, որ օպերային թատրոնում բարձրացել է դժգոհությունների մեծ ալիք, քանի որ արտիստները բացահայտել են, որ պետական բյուջեից օպերային թատրոնի համար հատկացվել է կրկնակի ֆինանսավորում, քան նախորդ տարի, որի նպատակն է կրկնապատկել արտիստների ելույթավճարները, սակայն արդեն մայիս ամիսն է, իսկ արտիստները շարունակում են վճարվել նախորդ տարվա մինիմալ ելույթավճարներով:

Արտիստները տեղյակ չեն եղել, որ ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է գումար ոչ միայն 2024 թվականի առկա և սպասվող բեմադրությունների համար, այլ նաև արտիստների մինիմալ ելույթավճարների կրկնապատկման համար:

Մեզ դիմած քաղաքացին պատմում է․

«Ադմինիստրատիվ նեղ կազմում քննարկվել է այդ հարցը, Դուրգարյանը(Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ) պատասխանել է, քանի որ ֆինանսավորման նոր մոդելի համաձայն պարտավոր չենք նախարարությանը մանրամասն եռամսյա հաշվետվություն ներկայացնել, ապա քանի դեռ արտիստները չեն դժգոհում, այդ հարցի մասին խոսելու կարիք չկա, երբ ելույթավճարների բարձրացման հարց կբարձրացնեն, տվյալ ամսվանից կսկսենք վճարել, սակայն արտիստները, տեղեկանալով այս մասին, պատրաստվում են պահանջել պետության կողմից իրենց հասանելի ֆինանսավորումը ոչ միայն այս ամսվանից սկսված, այլ պահանջելու են վերահաշվարկ և 2024 թվականի հունվարից սկսած իրենց հասանելի կրկնակի ելույթավճարները:

Կան նաև շշուկներ, որ այն արտիստները, որոնք բացահայտել են այս մեծ գաղտնիքը, Դուրգարյանը նրանց լռեցնելու համար խոստացել է մոտ ժամանակներում պարգևավճարների տեսքով փոխհատուցում»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դուրգարյանը բարձր աշխատավարձով աշխատանքի է ընդունում իր յուրայիններին և ազգականներին, ինչպես նաև անձնական կապերի ամրապնդման նպատակով, օպերային թատրոն է հրավիրում, իբրև բարձրակարգ դիրիժորների, ռեժիսորների, վոկալի մասնագետների:

Ֆինանսների մի մասն էլ նախատեսել է վատնել արտերկրից ձեռք բերած, օգտագործված ներկայացումների վրա: Ի դեպ՝ չնայած դրանք արդեն ինչ-որ տեղ բեմադրված հին ներկայացումներ են (օգտագործված դեկորներ, հագուստներ, ռեկվիզիտ և այլն) միևնույն է, վերջիններիս ֆինանսավորումը կրկնակի թանկ է, քան նույն ներկայացումը կբեմադրվեր Հայաստանում միանգամայն նոր հագուստներով, դեկորացիաներով և ամենակարևորը կարժենար կրկնակի մատչելի:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ, որտեղից էլ ուղղորդեցին հարցում ուղղարկել, որի պատասխանը կհրապարակենք մի փոքր ուշ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս