Եվ այսպես` երեկ Սարդարապատում Հանրապետության օրվա առթիվ հերթական ռազմահայրենասիրական ելույթն ունենալուց հետո` Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու այսօր Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում, ինչպես հայտնի է` պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը: Ամիսներ շարունակ նշվում էր, որ հենց այսօր Հայաստանը պետք է ստորագրի Մաքսային միությանը և Եվրասիական միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը, սակայն անգամ երեկ` փաստաթղթի հնարավոր ստորագրման նախօրեին, Հայաստանում որևէ մեկը չգիտեր, թե ինչ տեղի կունենա այսօր Աստանայում, և արդյոք մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա տոնական ամսաթվին հաջորդող մայիսի 29-ը չի լինի այդ հանրապետության, ըստ էության, կորստի օր:
Անգամ երկրիս արտգործնախարարը, ում լրագրողները Սարդարապատի հուշահամալիրում«բռնացնելու» պատեհությունն ունեցան և տվեցին այդ անհարմար հարցը` ստիպված եղավ գործի դնել իր դիվանագիտական հմտությունը` այդպիսով, սակայն, ի ցույց դնելով այն ողբալի վիճակը, որում իր անմիջական մասնակցությամբ և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտնվել է մեր երկիրը:
Պատախանելով հարցին` արդյոք այսօր Աստանայում որևէ բան ստորագրվելու է, Նալբանդյանն ասաց. «Եթե որևէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Ինչ հայտարարված է՝ դա է լինելու»: Սակայն արդեն ճշգրտող հարցին` այսինքն, չի՞ ստորագրվելու, տվեց ոչ այդքան վստահ պատասխան.«Աստանան կլինի՝ կտեսնեք»:
Ահա այսպես. կլինի` կտեսնենք: Այլ պարագայում սա, թերևս, կարելի էր համարել աննախադեպ ցինիզմ և քննադատության թիրախ դարձնել Նալբանդյանին, սակայն այս դեպքում Նալբանդյանի վիճակը, Ս. Սարգսյանի բառապաշարով ասած, այնքան խղճուկ է, որ անգամ կարեկցանք է հարուցում: Կասկածից դուրս է, որ երեկվա դրությամբ անգամ ՀՀ արտգործնախարարը հստակ չգիտեր, թե ինչ է սպասվում մեզ այսօր:
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` տարիներ շարունակ վարած ապիկար քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետություն` որպես ինքնիշխան երկիր, Ռուսաստանի համար այլևս գոյություն չունի: Կա ընդամենը հեռավոր մի«գուբեռնիա», որի հետ վարվում են` ըստ տրամադրության և իրավիճակի: Պատահական չէ, որ երեկ`Հանրապետության օրվա կապակցությամբ, Վլադիմիր Պուտինը«մոռացել էր» շնորհավորել ՀՀ նախագահին, մինչդեռ նույն օրը նույն տոնը նշող Ադրբեջանի նախագահին ուղղել էր ջերմագույն մի ուղերձ: