Շաբաթ օրը առերեսում տեղի կունենա Կենտրոնի ոստիկանապետի և լրագրողի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ` մասնակցելու առերեսման ոստիկանության աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով լրագրողին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է փետրվարի 12-ի դեպքին, երբ Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին «ՉԻ» լրագրողի մասնագիտական գործունեությունը, փորձել էին խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ։

Armlur.am-ի հետ զրույցում լրագրող Անի Գևորգյանը հայտնեց, որ այսօր առերեսվել է ոստիկանության երեք աշխատակիցների հետ, ովքեր դեպքի օրը մասնակից են եղել իրադարձություններին:

Ա. Գևորգյանի փոխանցմամբ` երեք ոստիկաններն էլ միաձայն ասել են, թե Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանն իրեն ոչ միայն չի հարվածել, այլ այդ օրն ընդհանրապես նշված սենյակ չի մտել:

«Ես հարցեր տալու իրավունք ունեի: Մի քանի հարց տվեցի, օրինակ, թե այդ դեպքում ո՞վ էր այն տղամարդը, ով մտավ սենյակ և հարվածեց ինձ, ասացին, թե որևէ տղամարդ սենյակ չի մտել: Մի խոսքով՝ ասացին այն, ինչ սպասելի էր»,- շարունակելով խոսքը` ասաց լրագրողը:

Վերջինս մեզ հայտնեց նաև, որ շաբաթ օրը` մայիսի 31-ին պետք է առերեսում տեղի ունենա իր և Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանի միջև:

Տաթև Հարությունյան




Լրահոս