ՀՀ փոխվարչապետ, արաբական մի շարք երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի, Եգիպտոսի եւ Իրաքի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նշված երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, դրանց ընդլայնման ու խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, նշված երկրներում Հայաստանի դեսպանները:
Արձանագրվեց, որ վերջին տարիներին արաբական որոշ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ակտիվություն է նկատվում: Դրական գնահատելով այդ միտումները՝ փոխվարչապետն ընդգծեց հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ տեսանկյունից կարեւորվեց փոխադարձ հանդիպումների ու այցելությունների կազմակերպումը, արաբական երկրներում անցկացվող տարբեր ցուցահանդեսներին ու տնտեսական միջոցառումներին հայ գործարարների մասնակցությունը: Նշվեց, որ առաջիկայում Հայաստան կայցելեն պատվիրակություններ ԱՄԷ-ից եւ Եգիպտոսից: Քննարկվեցին նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ամբողջացման, առեւտրատնտեսական կապերի զարգացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման հետ կապված հարցեր:
Տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից կարեւորվեց նաեւ այդ երկրների հետ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ նշվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել տվյալ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմների դյուրացմանը վերաբերող համապատասխան գերատեսչությունների առաջարկությունները: Կառավարությունն աշխատանքներ է իրականացնում նաեւ արաբական երկրների ապրանքափոխադրումների դյուրացման նպատակով լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Ա. Գեւորգյանն ընդգծեց նաեւ արաբական երկրներում հայ դիվանագետների արդյունավետ աշխատանքը` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համատեքստում:
«Տարածաշրջանի երկրների ընկերություններն ու անհատ գործարարներն արդեն մի շարք ծրագրեր են իրականացրել Հայաստանում, կան նաեւ մեկնարկող նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը, եւ մենք կարեւորում ենք մեր դեսպանների՝ բարեկամ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված աշխատանքները»,- նշեց փոխվարչապետը:
Նա նաեւ ողջունելի համարեց ԱՄԷ-ի՝ Հայաստանում դեսպանատուն բացելու մտադրությունը, ինչը էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը: Փոխվարչապետը նաեւ Էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչներին առաջարկեց նախատեսվող այցերի ժամանակ արաբ գործընկերներին ներկայացնել կոնկրետ ներդրումային ծրագրեր եւ կոնկրետ առաջարկություններ: Քննարկվեցին նաեւ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին