Դա հո КВН չի՞, որ տվյալ պահին արձագանքես. Ռուստամյանը` Սերժ Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտադիր չէր, որ Սերժ Սարգսյանը միանգամից պատասխաներ Ղազախստանի նախագահին: Լրագրողների հետ զրույցում երեկ Աստանայի դեպքերին նման արձագանք տվեց Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 «Դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես, որ դուրս գա, թե տեղը դրեցիր: Պատասխան տալու համար առիթներ դեռ կլինեն»,- ընդգծեց նա:

Ռուստամյանը նշեց, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը միջնորդավորված էր խոսում, իր տեսակետը չէր հայտնում, պարզապես Ադրբեջանի նախագահի նամակն էր ընթերցում:

 «Նազարբաևի քայլն անակնկալ չէր, հենց սկզբից էլ ասել ենք, որ Ղազախստանը փորձում է հանդես գալ որպես Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպան: Որքան խոսք է գնում Հայաստանի՝ լիիրավ անդամ դառնալու մասին, այնքան այս հարցերը սրվում են, որովհետև Ադրբեջանը դուրս է այս պրոցեսից »,- ասաց նա:

 ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ փորձի անդամակցության հարցի միջոցով Ղարաբաղի կարգավորման հետ կապված իր համար նպաստավոր ձևակերպումներ կորզել:

«Քննարկումները, որոնք առաջարկում են ինչ-որ երրորդ ու չորրորդ կողմեր՝ հեռվից կատարված նամակների միջոցով, չի տեղավորվում միջազգային պրակտիկայի նորմերի մեջ: Եթե Հայաստանը շարժվեր Ալիևի տրամաբանությամբ, ապա վաղուց պետք է մաքսակետ դրած լիներ Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- հայտարարեց նա:

Այն դիտարկմանը, թե  հնարավոր է, որ այս պարագայում Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցելուց, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ Հայաստանը միշտ էլ ասել է՝ ով Ղարաբաղը ճանաչի, պատրաստ ենք այդ միության մեջ լինել:

«Եթե հարց դրվի, թե մենք պատրաստ ենք Ղարաբաղի հետ չմտնել Եվրասիական միություն, ապա չեմ կարծում, որ որևէ իշխանություն համաձայնի դրան», – եզրափակեց նա:




Լրահոս