Armenian text to speach

ՀԵԶ ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի ու Արտակ Կարապետյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում Տիգրան Առաքելյանը դուրս հրավիրվեց դահլիճից, իսկ նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 2-ը:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում էր յոթերորդ «տուժող» ոստիկան Շահեն Հարությունյանը: ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դատավոր Գագիկ Պողոսյանը հենց սկզբից ակնհայտ կերպով չէր դրսեւորում անկողմնապահ վերաբերմունք եւ չէր պահպանում հավասար մրցակցության սկզբունքը: Տիգրան Առաքելյանը հարցաքննվող ոստիկանին տալիս էր հարցեր, որոնք ակնհայտ կերպով դուր չէին գալիս դատավորին:  «Եթե իրականում թեժ իրավիճակ էր, եւ տուժող կողմն օգնության համար նոր ուժեր էր կանչում, ինչո՞ւ էր ոստիկանը կանգնած սիրողական մակարդակի նկարահանումներ անում»,-այս միանգամայն տրամաբանական հարցից հետո Տիգրան Առաքելյանը դատավորի կողմից դիտողություն ստացավ, այնուհետեւ, երբ ՀԱԿ ակտիվիստները եւ նրանց պաշտպանները փորձեցին հասկանալ, թե որն է խնդիրը, ինչու մեղադրյալը չի կարող  կիրառել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքը եւ տուժող կողմին հարցեր տալ, դատավորը դա ընկալեց որպես դատարանի հետ վեճ:
Ընդհանրապես Տիգրան Առաքելյանի եւ մյուս ակտիվիստների կողմից հնչած ամեն մի նախադասություն դատավոր Պողոսյանի կողմից ընկալվում էր որպես դատական նիստի խոչընդոտում: Այնուհետեւ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում, որից հետո դատավորը որոշեց Տիգրան Առաքելյանին դուրս հանել դատական նիստի դահլիճից, մինչեւ հաջորդ նիստը:
Դատական նիստի վերսկսումից հետո ցուցմունք տվեց ոստիկան Հայկ Նաջարյանը: Վերջինիս տված ցուցմունքն ամենացնցողն էր: Պարզվում է, որ նա օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ընթացքում ծեծվել է Դավիթ Քիրամիջյանի կողմից, սակայն համեստաբար պատասխան չի տվել, ցուցաբերել է շատ մարդասիրական եւ իսկական ոստիկանին հարիր պահվածք, մասնավորապես,  անընդհատ ընկերական  հարցրել է. «Ի՞նչ ես անում,  Դավի՛թ ջան, դիմացդ ոստիկան է, ինչո՞ւ ես ինձ հարվածում, Դավի՛թ ջան»: Նրա խոսքերից լուսնից իջած մարդիկ միայն մի հետեւություն կարող են անել` ՀՀ ոստիկանն իրեն հնազանդ ու մեղմ է պահում անկարգություն անող քաղաքացիների հետ, իսկ Կոնգրեսի ակտիվիստներն  արժանի են այսօր նստել ամբաստանյալի աթոռին:
Ոստիկանի ցուցմունքից հետո պաշտպան Վահե Գրիգորյանը, չնայած դատավորի առարկությանը,  դուրս եկավ  դահլիճից` հրաժարվելով մասնակցել մի դատական նիստի, որի ժամանակ իր պաշտպանյալը ներկա չէ:
ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին: Սարգիս Գեւորգյանի կարծիքով` այն նորից կհետաձգվի, եթե դատավորը կիրառի Տիգրան Առաքելյանի հանդեպ սանկցիան:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լրահոս