Ինչո՞ւ կաթնամթերքը չի վաճառվում 20-30% էժան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանն այսօր խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

Պատգամավորը ցանկանում էր հասկանալ, որ  եթե վերամշակողը կաթը գնում է երեսուն տոկոսով էժան, ապա ինչու կաթնամթերքը քաղաքացուն ևս չի հասնում նույնքան էժան:

«Ինչո՞ւ կաթնամթերքը չի վաճառվում 20-30% էժան գնով, որ այդ տոկոսը, որ գյուղացին կորցրել է, գոնե քաղաքացին զգա իր գրպանի վրա, որպեսզի նույն թթվասերը չվաճառվի 500 դրամով, այլ վաճառվի 350 դրամով, նույն պանիրը չվաճառվի 2 500 դրամով, այլ` 2000: Գյուղացին էդ 30 տոկոսը կորցրել է, դա այն շահույթն է, որ ինքը սպասում էր կլոր տարին, որովհետև ձմեռվա ընթացքում գիտենք, որ մեզ մոտ էքստենսիվ անասնապահություն է, մենք ձմեռը կաթ չենք ունենում, մեր հիմնական կաթնատվությունը բարձրանում է գարնանային, ամառվա ամիսներին, և գյուղացին էդ 30%-ից զրկվելով գոնե քաղաքացին շահի, ոչ թե մի քանի տասնյակ տնտեսվարողներ ստանան գերշահույթ»,- ասաց նա:

Նա նաև հետաքրքրվեց, թե երբևէ որևէ մեկը նկատել է, որ ամառվա ամիսներին կաթնամթերքը խանութներում էժանանա: Պատգամավորը նախարարին հարցրեց, թե ինչ ձևով կարելի է այդ հարցը կարգավորել: Նախարարը նկատեց, որ այդ հարցը պատգամավորն ավելի լավ է պատկերացնում, որովհետև անասնապահության ոլորտին մոտ կանգնած մարդ է:

Նա նշեց, որ կա  սեզոնայնություն. ամառվա ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալներն ավելանում են, պիկ է առաջանում, յուղայնությունը պակասում է, դրանից ելնելով՝ գինն իջնում է, ձմեռվա ամիսներին հակառակն է՝ յուղայնությունը բարձրանում է, ծավալները պակասում են. գինը սահմանվում է՝ ելնելով կաթի մեջ յուղայնության պարունակությունից:

«Ձմեռվա ամիսներին կաթը իրացվում է մինչև 200, 220, 230…գիտեք, որ անասնապահական ֆերմաներ կան, որտեղ կաթի գինը 220 – 230 դրամից չի իջնում: Որպես լուծման առաջնահերթ խնդիր՝ մեզ մոտ մնում է միությունների ստեղծումը»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ իրենք արդեն նախորդ աշնանը կաթ վերամշակողների միություն են ստեղծել, հիմա նպատակ կա ստեղծել նաև կաթ արտադրողների միություններ մարզերում, և կարծում է՝ հիմնական լուծումը դա կլինի, որ մարդիկ իրար հետ արտադրողներ և վերամշակող, պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն և կարողանան իրենց խնդիրները լուծել:




Լրահոս