Շատ կրթօջախների տնօրեններ աշխատակիցների դիմումները չեն վերցնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ»  նախաձեռնության մանկավարժներն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեցին, որ շատ կրթօջախների տնօրեններ հրաժարվում են իրենց աշխատակիցների դիմումները վերցնել:

Թե որ  կրթօջախների մասին է խոսքը, ուսուցիչներն առայժմ  անուններ չհրապարակեցին, քանի որ չեն ցանկանում իրենց գործընկներին ճնշումների տակ դնել:  Թեև որոշ դպրոցների տնօրեններ առանց որևէ արգելքի վերցնում են իրենց աշխատակիցների դիմումները, ըստ որի` նրանք չեն ցանկանում իրենց աշխատավարձից պահվեն 5 տոկոս կուտակային կենսաթոշակային վճարները, սակայն դա համատարած բնույթ չի կրում:

«Գործատուներն ասում են` մենք դեռ հրահանգ չենք  ստացել  խնդրի առնչությամբ: Բայց ինչ հրահանգի մասին է խոսքը, եթե պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակն արդեն ԱԺ-ի կողմից ընդունվել է, նախագահն էլ ստորագրել է  այն»,- զարմացած ասում են  ուսուցիչները:

Նրանց տեղեկացմամբ` ապրիլ ամսվա իրենց աշխատավարձից  պահում արվել է, բայց չի փոխանցվել, իսկ մայիս ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել:

Ուսուցիչները  կոչով դիմում են  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` պաշտպանել իրենց:

«Դեմ եմ»  նախաձեռնության մանկավարժները  չեն լռելու և որոշել են ամեն գնով պայքարել իրենց իրավունքները:




Լրահոս