Ջրառատ գյուղում 100 տուն է վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում այս պահին շուրջ 100 տուն վաճառքի է հանված: Ջրառատցիները ստիպված վաճառում են իրենց սեփական տները` այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով:

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանի խոսքով` տները վաճառող մարդիկ հիմնականում գյուղի եզդիներն են:

Նշենք, որ գյուղում կան բազմաթիվ տներ, որտեղ տարիներով մարդ չի ապրել, ինչի արդյունքում դրանք հիմա կիսաքանդ վիճակում են:

«Այդ տները տեւական ժամանակ է, ինչ վաճառքի են հանված: Եզդիներն են, ովքեր մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնում են արտերկիր: Բայց դե վերջերս այդ տներից երկուսը երկու ընտանիք գնեց»,- տեղեկացրեց համայնքապետը:

Ջրառատի բնակիչ տիկին Սիլվան  Armlur.am-ի հետ զրույցում հուսահատված ասաց.

«Բա ի՞նչ անեն մարդիկ, հո սոված չեն նստելու տանը: Ահա հիմա ես կանաչի ունեմ վաճառքի, որը պետք է 30 դրամով վաճառեմ: Բա դրանով ապրել կլինի»:

Ջրառատից եզդիների հեռանալու մասին տեղյակ էր նաեւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը. «Ես մշտապես ասել եմ ու նորից կասեմ. հայերի հետ հավասար եզդիները գնում են: Աշխատատեղ չկա, թե չէ` այլ խնդիր չկա»: Թամոյանի տվյալներով` եզդիները հիմնականում բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնությունում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15 հազ.100 մարդով կամ 0.5% -ով: Իսկ տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.5 հազար մարդով, ինչն արդյունք է բնական հավելաճի (1.7 հազ.) եւ միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-6.2 հազ. մարդ) տարբերության:
2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը` 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ, կազմել է 3 մլն 12 հազար 900 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 911 հազ. 800 մարդ եւ գյուղականը` 1 մլն 101 հազար 100 մարդ:
Ուղեւորափոխադրումների այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` 31 834 մարդ մեկնել է Հայաստանից, մուտք է գործել` 28 744 մարդ: Իսկ ահա 2013-ին երկիր մուտք է գործել 2 մլն 476 հազ. 350 մարդ, դուրս եկել` 2 մլն 507 հազար 538 մարդ: Այս դեպքում բացասական սալդոն կազմել է 31 հազար 188 մարդ, ինչը 11 հազար 623 մարդով պակաս է 2012-ի համեմատ:

Ի դեպ, օտարերկրյա քաղաքացիները եւս ներառված են այս ցուցակում:

Այսպիսով` նախորդ տարվա համեմատ, Հայաստանում քաղաքային բնակչությունը պակասել է 3200-ով, իսկ գյուղականը` 6,300 մարդով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս