ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի պատրաստվում օգնել դատավորներին «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի շուրջ առաջացած դժգոհությունը լուծելու, քանի որ, ըստ նրա՝ դատավորները օգնության կարիք չունեն:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. փետրվարի 14-ին գրել էր, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը լուրջ դժգոհության ալիք էր բարձրացրել դատական ոլորտում:
Ըստ օրենքի նախագծի՝ ՍԴ անդամների կենսաթոշակը կարող է հասնել 500 հազար դրամի, ինչը զգալիորեն տարբերվում է դատավորների կենսաթոշակի չափից: Օրինագիծն ԱԺ քառօրյայի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Ինչեւէ, դատավորները ձեռքերը ծալած չէին նստել եւ խնդրի հետ կապված նամակ էին ներկայացրել ինչպես Եվրոպայի դատավորների միությանը, այնպես էլ ՀՀ կառավարությանը: Սակայն անցել է շուրջ 3 ամիս եւ մինչ օրս ՀՀ կառավարությունից դատավորների նամակին որեւէ արձագանք չկա: Իսկ դատավորները սպասում էին նորանշանակ արդարադատության նախարարի նշանակմանը, որ կողմնորոշվեին, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն: Սակայն նախարարը նշանակվել է, իսկ «սայլը տեղից չի շարժվում» եւ դատավորների թոշակի հարցը մնում է օդից կախված:
Սակայն սրանով դեռ հարցերը չեն վերջանում: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Սերժ Սարգսյանի հրահանգով որոշ պաշտոնյաներ հետաքրքրվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից, թե ովքեր են պատասխանատու Դատական դեպարտամենտում կարգադրիչների աշխատավարձերի յուրացման հետեւանքով ստեղծված իրավիճակի համար, Արման Մկրտումյանն ասել է, թե դա իր օրոք չի եղել, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի օրոք: Ասել է թե՝ Արման Մկրտումյանը նկատի է ունեցել ներկայիս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտում կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցնում են ավելի քան երկու տասնյակ մեղադրյալներ, որոնց թվում է նաեւ դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ով արդեն 6 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ, սակայն չի ընդունում իրեն առաջադրվաց մեղադրանքը:
«Ժողովուրդ»-ը արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, սակայն նախարարը նշեց, թե քննություն է ընթանում եւ ինքը որեւէ բան չի կարող ասել:

-Պարոն Մանուկյան, բայց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ասել է, թե այդ յուրացումները ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Ձեր՝ նախագահ լինելու տարիներին է կատարվել: Այս մասին ինչ կասեք:
-Անկեղծ ասած, չեմ հավատում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նման բան կարող է ասած լինել, եւ հետո կրկնում եմ՝ քննություն է ընթանում եւ ամեն ինչ իր օբյեկտիվ հանգուցալուծմանը կհասնի:
-Իսկ տեղյա՞կ եք արդյոք ՀՀ կառավարությանը հասցեագրված դատավորների նամակից, որտեղ նրանք իրենց բողոքն են արտահայտում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Արդարացվա՞ծ եք համարում նրանց բողոքը:
-Դատավորներն իրենց եզրակացությունն են ներկայացրել, իսկ որքանով օրենսդիրը կհարգի այդ եզրակացությունը։ Կընդունի, ուրեմն կընդունի:
-Իսկ Դուք՝ որպես արդարադատության նախարար, կօգնե՞ք նրանց օրենքի փոփոխության ենթարկելու հարցում, որպեսզի նրանց հարցը կարգավորվի:
-Չեմ կարծում, որ դատավորներն օգնության կարիք ունեն:
-Իսկ ինչ կասեք այն մասին, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ միջնորդել , որ Դուք նշանակվեք արդարադատության նախարար, քանի որ դուք իր «կադրն» եք:
-Ասել եմ՝ բամբասանքներ չեմ մեկնաբանելու:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս