ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Գրիգոր Գրիգորյանին փոխարինելու է ցուցակի 88-րդ հորիզոնականում գտնվող Տիգրան Ներսիսյանը, ով «Հրազդանի հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահն է:
Տեղեկացնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն armlur.am-ին տեղեկացրեց, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ արձանագրությունը:
Հերմինե Հարությունյանի տեղեկացմամբ՝ ԿԸՀ-ն 7-օրյա ժամկետում նիստ կգումարի, որտեղ պարզ կդառնա` ԲՀԿ ցուցակից ում է հանձնվելու պատգամավորական մանդատը: ԿԸՀ մամլո քարտուղարն ասաց, որ իրենք ԲՀԿ անդամներից արդեն ինքնաբացարկի 21 դիմում են ստացել:
Իսկ թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Տիգրան Ներսիսյանի վրա, եթե ԲՀԿ ցուցակում նրանից առաջ այլ թեկնածուներ ևս կային, պրն. Ուրիխանյանն ասաց. «Որոշումը կայացվել է իրավական հարթության վրա, մեր կուսակցության ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում: Մնացած բոլոր ենթադրությունները կարող են սուբյեկտիվ բնույթ կրել»:
Սոնա Դավթյան