ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ նախորդ տարվա ընթացքում 14,5 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, ներքին շուկայում 10 տոկոսով ավելի շատ սպառվել, եւ արտահանվել է 28 տոկոսով ավելի շատ հոսանք: Հետաքրքիր է, թե հատկապես ինչի վրա է ծախսվել հոսանքի ավելցուկը, դրանից եւ «արտահանված» հոսանքից ինչ եկամուտ է ստացել պետությունը: Թվում է` էլեկտրաէներգիան գազի այլընտրանք է դարձել, բայց ըստ Արմեն Մովսիսյանի` 17,7 տոկոսով էլ աճել է գազի ներկրումը:   

Վանիկ Գասպարյան, 55 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. 2011թ. ընթացքում հանրապետությունում արտադրվել է 7,4 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 933 մլն կՎտ/ժ-ով կամ 14,5 տոկոսով  գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2011թ. ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 10 տոկոսն ուղղվել է ներքին շուկայի սպառմանը, իսկ մոտ 5 տոկոսը` արտահանման ծավալների մեծացմանը, ինչը հնարավորություն է տվել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացնել 28 տոկոսով: Արտահանման արդյունքում ստացված շահույթի հաշվին հնարավոր է եղել գազի գնի վերջին թանկացումների պարագայում էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի «ավելցուկին», ապա էլեկտրաէներգիան միշտ արտադրվում է պահանջարկին համապատասխան եւ ավելցուկ երբեք չի լինում:
2011թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գազի սպառումն ավելացել է 17,7 տոկոսով: Գազաֆիկացված բնակավայրերում ջեռուցումը հիմնականում իրականացվում է գազի միջոցով, քանի որ այն ավելի էժան է, քան  էլեկտրաէներգիայով ջեռուցումը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների
նախարարության աշխատակազմի ղեկավար
Կարեն Ղահրամանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, որ շարքային սպառողը նույնպես էլեկտրաէներգիայի արտադրության աճից իր բաժին օգուտն է ունեցել, քանի որ, ինչպես էներգետիկայի նախարարությունն է հավաստիացնում, արտադրության աճի շնորհիվ է գինն անփոփոխ մնացել:




Լրահոս