«Վերնիսաժի» կրակոցներից տուժած անմեղ քաղաքացիներն ապաքինվում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցներից տուժածների ապաքինման գործընթացը դրական է ընթանում:

«Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայից» Armlur.am-ին հայտնեցին, որ երեկ 64-ամյա Ալվինա Բադալյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ վիրավորված մյուս անձինք` 27-ամյա Մյասնիկ Հայրապետյանն ու 72 -ամյա Մնացական Սուքիասյանը, դեռևս հիվանդասենյակում են, նրանց վիճակը նորմալ է:

Մյուս տուժածները` 30-ամյա Նորայր Հարությունյանն ու Վալերի Հովհաննիսյանը, ավելի վաղ են դուրս գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գոռ Առաքելայնի խափանման միջոցը մոտ օրերս կփոխվի, և նա ստորագրությամբ բաց կթողնվի:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս