Armenian text to speach

Փոթորիկը հարվածել է Գերմանիային․ կան տուժածներ, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին աշնանային փոթորիկը հարվածել է Գերմանիայի արևմտյան ու հարավարևմտյան շրջաններին՝ պատճառելով ավերածություններ, էլեկտրաէներգիայի անջատումներ և երկաթուղային հաղորդակցության խափանումներ: Կան տուժածներ, որոնցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ, հայտնում է dpa գործակալությունը:

Շաբաթ առավոտյան դեռ շարունակվում էին տապալված ծառերի ու ճյուղերի մաքրման աշխատանքները:

Ուրբաթ օրը փրկարարներն ու պարեկային ծառայությունները բազմաթիվ ահազանգեր են ստացել երկրի տարբեր շրջաններից: Ֆրանկֆուրտից արևմուտք գտնվող Նաստետեն քաղաքում քամու ուժգին պոռթկումը տապալել է շուկայի հարևանությամբ տեղադրված կառույցը, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել: Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են ոստիկանությունից:

Ֆրանկֆուրտից հարավ-արևելք գտնվող Զելիգենշտադ քաղաքում ծառի ճյուղը ընկել է հեծանվորդի վրա. վերջինիս ազատելու համար պահանջվել է հրշեջների օգնությունը: Լեբախում հետիոտնը թեթև վնասվածքներ է ստացել իր վրա ընկած գովազդային վահանակից:

Մրրիկը խաթարել է նաև գնացքների շարժը: Կառլսրուեի կենտրոնակայանում ուղևորները «ուժգին կայծեր» են տեսել այն բանից հետո, երբ ինչ-որ առարկա վնասել է էլեկտրալարերը: Գերմանիայի արևմուտքում՝ Ախենի հատվածում, օդային գծերի վնասման պատճառով 280 ուղևոր փոխադրող հեռագնացքը ստիպված են եղել քարշակել ջերմաքարշով: Տապալված ծառերը փակել են նաև Նոյսի մերձակայքում և Շտուտգարտում գտնվող երկաթգծերը:

Գերմանիայի օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով՝ «Օստին» փոթորիկը շաբաթ օրը շարժվելու է դեպի Դանիա և Բալթիկ ծով: Այդուհանդերձ, արդեն կիրակի գիշերը Գերմանիայի որոշ շրջաններին սպառնում է նոր փոթորիկ, որը կարող է ուղեկցվել առատ տեղումներով:




Լրահոս