Աշխարհաքաղաքական նոր խմորումների այս ընթացքում կտրուկ մեծացել է Ղարաբաղում ստատուս քվոն որևէ կերպ փոփոխելու գերտերությունների վճռականությունը: Եվ սկսած Ջ. Ուորլիքի հրապարակած վեց կետերից` ավարտված Հայաստանի առջև Եվրասիական տնտեսական միության անդամների կողմից Աստանայում առաջադրված պահանջով, ընթանում է Ղարաբաղն առևտրի առարկա դարձնելու մի գլոբալ պրոցես, որին դիմագրավելու` Հայաստանի Հանրապետության ներուժը օրեցօր պակասում է:
Ստատուս քվոյի անընդունելիության և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ռեալ քայլերի ակնկալիքի մասին երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը: Նա, հիշեցնենք, մինչ այդ՝ Բաքվում հանդիպել էր Ի. Ալիևի հետ, իսկ երեկ Երևանում առանձնազրույց ունեցավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան հետ:
Թե ինչպիսի արդյունք կունենա ՀՀ և Ադրբեջանի նախագահների` առաջիկա հանդիպումը, դժվար է ասել: Սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի` վերջին շրջանում հնչեցրած մի քանի հայտարարությունները, և առաջին հերթին` օրերս Ծաղկաձորում Նազարբաևի առաջադրած պայմանին տրված պատասխանը, բավականին մտահոգիչ միտումներ են ուրվագծվում: Ընդ որում` ոչ միայն արտաքին, այլև ներքին, այդ թվում և` ներղարաբաղյան քաղաքական զարգացումների առումով:
Ծաղկաձորյան իր հայտարարությունում Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր մի ձևակերպում արեց, որին մամուլը, կարծեք թե, շատ մեծ ուշադրություն չդարձրեց: Փաստարկելով Ղարաբաղով Մաքսային միություն մտնելու անհնարինությունը` Ս. Սարգսյանը մասնավորապես ասաց. «Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: Դժվար է ասել, թե ում պատկերացումների մասին էր խոսում Սարգսյանը` ամբողջ ՀՀԿ-ի, թե անձամբ իր, սակայն երեկ ԵԱՀԿ-ի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո ԼՂՀ արտգործնախարարի իմպերատիվ հայտարարությունը, թե` «Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ չի դրվելու», ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը ցույց տվեցին, որ Ղարաբաղի մասին Սերժ Սարգսյանի պատկերացումները ոչ բոլորն են կիսում:
Մասնավորապես Ռ. Քոչարյանի խոսնակը հստակ փոխանցեց, որ. «Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է կազմում» և «որևէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը»:
Գուցե մեծ լավատեսություն է, սակայն, կարծես թե, Սերժ Սարգսյանն «իր պատկերացումները» կյանքի կոչելու հարցում առաջիկայում լուրջ խնդիրներ է ունենալու: