Ով է անարգել Անաստաս Միկոյանի հիշատակը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անաստաս Միկոյանի արձանի շուրջ կրքերը ոչ միայն չեն մարում, այլև, ըստ ամենայնի, ավելի են թեժանալու: Խորհրդային պետական գործչի արձանի տեղադրմանը դեմ հանդես եկողներն օրեցօր նորանոր փաստեր են ի հայտ բերում` ապացույց այն բանի, որ Միկոյանի ձեռքերը հազարավոր անմեղ մարդկանց արյան մեջ են թաթախված եղել:

Դրան ի հակակշիռ` միկոյանասերներն էլ` հիմնականում իշխանական շրջանակներից, ներկայացնում են Միկոյանի ունեցած մեծ ներդրումը Խորհրդային Հայաստանի զարգացման և համաշխարհային քաղաքականության մեջ` հընթացս հանդիմանելով միկոյանատյացներին այն բանի համար, որ նրանց բարձրացրած աղմուկի արդյունքում հեղինակազրկվում է համաշխարհային համբավ ունեցող հայազգի գործիչը:

Օրինակ` մշակույթի հարատեւ նախարար Հասմիկ Պողոսյանը խորհուրդ էր տալիս Միկոյանի արձանի եւ նրա գործունեության հետ կապված հարցերը «սուսուփուս քննարկել»՝ չուրախացնելու համար մեր ազգի չուզողներին:

Նմանօրինակ մտավախություններով պայմանավորված` ընդդիմադիրներին ամոթանք էին տալիս նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության «հաստիքավոր մտավորականները», որոնց ձայնն, ի դեպ, տարիներ ի վեր հանրությանը հուզող ամենակարևոր հարցերում անգամ լսելի չէր եղել:

Դժվար է ասել՝ արդյոք Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունն այդպիսի մեծ հակազդեցության կարժանանար, եթե դա արվեր երկու տարի առաջ` երբ Հայաստանի իշխանությունները հստակորեն կողմնորոշված էին դեպի Եվրամիություն և մեր երկիրը կանգնած չէր նեոսովետական կայսրության մասնիկը դառնալու վտանգի առջև: Անկեղծ լինելու համար պետք է նկատել, որ Միկոյանի դեմ խոսողներից շատերի շարժառիթները նաև քաղաքական են` պայմանավորված վերը նշված գործոնով:

Սակայն եթե նույն հանրապետականների, կամ հենց Միկոյանի ժառանգների և համակիրների համար թանկ էր պետական գործչի հեղինակությունն ու հիշատակը, ապա նրանք պարզապես չպետք է նախաձեռնեին այս գործընթացը: Ի վերջո, ստալինյան ռեպրեսիաներին Միկոյանի մասնակցության մասին տարիներ ի վեր գիտեին թե՛ գիտական շրջանակներում, թե՛  բռնադատվածների ընտանիքներում, և առհասարակ` կարդացած, մտավորական շերտերում: Սակայն այդ մասին  առանձնապես չէր բարձրաձայնվում, և խորհրդային պետական գործչի հիշատակին որևէ մեկը չէր դիպչում: Հանրության լայն շերտերի համար Միկոյանը խորհրդային շրջանի կարևորագույն գործիչներից էր, որի հայ լինելու փաստից շատերը շոյվում էին և հպարտանում: Իսկ նեղ գիտական շրջանակներն էլ պարզապես շատ չէին փորփրում անցյալն ու Միկոյանի հիշատակը հանգիստ էին թողել:

Մինչդեռ Միկոյանի մահարձանը Երևանի կենտրոնում տեղադրելու  նախաձեռնությամբ հենց Միկոյանի ժառանգն ու այս գործընթացի մեջքին կանգնածները պատճառ հանդիսացան, որ խորհրդային գործչի անցյալի բոլոր սև էջերը վերհիշվեն և նրա հիշատակն անարգվի:




Լրահոս