Ժամանակին կոշիկ արտահանող Հայաստանն այսօր ահռելի մեծ քանակությամբ կոշիկ է ներմուծում՝ մասնավորապես Չինաստանից, Իտալիայից եւ այլ երկրներից: Ուշագրավ է, որ տարիներ առաջ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում քայլելիս փողոցների անկյուններում նկատվում էին կոշիկի վերանորոգման կետեր, մինչդեռ այսօր դրանք գրեթե վերացել են: Իսկ Հայաստանի կոշիկի արտադրությամբ զբաղվող գործարարները կանգնել են անլուծելի խնդրի առաջ. տեղական արտադրանքը չեն կարողանում նույնիսկ ներքին շուկայում իրացնել:
Հատկապես վերջին տարիներին կոշիկի տեղական արտադրողներին խանգարում է մեծ քանակությամբ Հայաստան ներմուծվող «չինական կոշիկը»: «Չինաստանից բերում են էկոլոգիապես ոչ մաքուր, դերմանտինից կոշիկներ ու դրանք էժան գնով վաճառում: Ի՞նչ եք կարծում, էլ ո՞վ կգնի տեղական, մաքուր կաշվից, մի փոքր էլ թանկ կոշիկներ: Ընդ որում` այդ չինական ու անորակ կոշիկները ցավեցնում են ոտքերը, տհաճ հոտ, քոր եւ սնկային այլ հիվանդություններ են առաջացնում: Իսկ մարդիկ վճարունակ չեն մաքուր կաշվից, թանկարժեք կոշիկ գնելու համար: Այդ պատճառով էլ նախընտրում են գնել չինական էժան կոշիկը եւ մեր արտադրանքն էլ մնում է ու չի սպառվում: Չենք կարողանում այն իրացնել»,-ներկայացրեց կոշիկի արտադրությամբ զբաղվող 47-ամյա Կորյունը:
Կոշիկ արտադրողները դժգոհում են նաեւ հարկային բարձր պարտավորություններից՝ եկամտային հարկ, սոցվճարումներ եւ այլն: «Ախր պետք է արտադրողի համար ստեղծեն բարեխիղճ պայմաններ, գոնե ինչ-որ չափով ազատեն մեզ այդ պարտավորություններից: Մենք պետք է մտածենք միայն արտադրելու մասին: Չէ՞ որ դա պետության շահերից է բխում. մեծ թվով աշխատատեղեր կբացվեն եւ այլն»,- զայրացած ասաց կոշիկի արտադրությամբ զբաղվող մեկ այլ գործարար:
Ցավալին այն է, որ Հայաստանը տարիներ առաջ նախկին Խորհրդային Միության մասշտաբով կոշիկ արտահանող երկիր էր, իսկ հիմա կոշիկի արտադրամասերի թիվն օր օրի նվազում է: Եվ տարեցտարի բարդանում է այս ոլորտի գործարարների վիճակը: Սրան նպաստում է նաեւ արտագաղթը:
«Գնորդները նվազել են: Այսօր ոչ հագուստ, ոչ էլ կոշիկ է վաճառվում: Գոնե արտահանումը հեշտանար: Ես այսօր նման մարդ չգիտեմ, որ կոշիկ է արտահանում»,- ափսոսանքով ասաց Կորյունը: Նրա պնդմամբ՝ տեղական արտադրողները պատրաստ են կոշիկ արտահանել, սակայն դա շատ ծախսատար, նաեւ, որ քիչ էական չէ` թղթատար գործընթաց է: Արդյունքում շատերն իրենց գործունեությունը ծավալում են Ռուսաստանի Դաշնությունում:
70-ամյա Սերյոժան խորհրդային տարիներին որպես արտադրության պետի տեղեկալ աշխատել է «Նաիրի» կոշիկի գործարանում, իսկ հիմա զբաղվում է կոշիկի վերանորոգմամբ: Նրա խոսքով՝ Հայաստան ներմուծվող չինական կոշիկները նույնիսկ ենթակա չեն վերանորոգման. «Բայց Չինաստանից բերվում է նաեւ որակով կոշիկ: Ով հնարավորություն չունի իտալական կոշիկ գնել, գնում է չինական էժան ու անորակ կոշիկը: Ժամանակին տարածաշրջանում ապահովում էինք կոշիկի պահանջարկի 30 տոկոսը: Հիմա մենք ի վիճակի չենք ո՛չ կոշիկ արտահանելու, ո՛չ էլ որակյալ արտադրանք տալու, քանի որ տեխնոլոգիաները փոխվել են, հնարավորություն չունենք նորը ձեռք բերելու: Մենք այս 25 տարիների ընթացքում կոշիկի արդյունաբերությունում ոչ մի զարգացում չենք ունեցել: Մինչդեռ կոշիկ արտադրելը դա օրթոպեդիա է. պետք է իմանաս՝ մարդու մկաններն ինչպես են շարժվում, ոսկորներն ինչպես են հենվում: Հիմա նման բաներ չկան, իսկ նախկինում կոշիկ արտադրողները նաեւ օրթոպեդներ էին»,- նշեց փորձառու մասնագետը` մտահոգվելով, որ այսօր Հայաստանում համապատասխան դպրոց չկա:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ 2013թ.-ին Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ավստրալիա, Միացյալ Նահանգներ, Իսպանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Բելառուս, Իտալիա, եւ Միացյալ Թագավորություն արտահանվել է 76 հազար 48 զույգ կոշիկ: Նույն ժամանակահատվածում ՌԴ-ից, Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Կանադայից, Պակիստանից, Միացյալ Թագավորությունից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Դանիաից, Լեհաստանից, Հոնկոնգից հանրապետություն է ներմուծվել 196 հազար 923 կգ կոշկեղեն:
Իսկ ահա 2014թ. հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ավստրալիա, Իսպանիա, Բելգիա, Նոր Զելանդիա, Իտալիա արտահանվել է 16 հազար 68 զույգ կոշիկ: Նույն Ժամանակահատվածում Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, ԻԻՀ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բուլղարիայից, Իտալիայից, Միացյալ Նահանգներից, Լեհաստանից ներմուծվել է 26 հազար 359 կգ կոշկեղեն:
Հ.Գ. Ի դեպ, ըստ տարածված խոսակցությունների` գործարարներից շատերը կոշիկ ներմուծելիս դիմում են խորամանկ քայլի. նրանք նախ մեծ քանակությամբ բերում են աջ կոշիկը, հետո՝ ձախը: Այդպիսով` այն համարվում է խոտան, ինչի համար էլ չի մաքսազերծվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ