ՀՆՉԱԿՆԵՐՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՍԴՀԿ-ն «Ժողովուրդ»-ում բաց նամակ էր հրապարակել` Ռուսաստանի Դաշնության հայերին կոչ անելով առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Վլադիմիր Պուտինին: Այս հրապարակումը բուռն քննադատության արժանացավ հատկապես կոնգրեսականների կողմից, որոնք անմիջապես հայտարարեցին, թե դա իրենց տեսակետը չէ: Պարզելու համար, թե ովքեր են տեղյակ եղել այդ բաց նամակի բովանդակությունից, զրուցեցինք ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
-Տիկի’ն Սարգսյան, Պուտինին աջակցելու մասին բաց նամակը  հրապարակելուց առաջ ո՞ր օղակի հետ եք քննարկել այն:
-Դա մեր կուսակցության դիրքորոշումն է, ո՞ւմ հետ պետք է պայմանավորվել կուսակցության դիրքորոշումն արտահայտելու համար:
-Կոնկրետ Կոնգրեսը տեղյա՞կ է եղել այդ մասին:
-Ես ասել եմ, որ դա իրենց համար անգամ անսպասելի էր, մեր կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ` հայ-թուրքական  արձանագրությունների հետ կապված, մենք մշտապես հայտարարություններով ենք հանդես եկել, եւ միշտ չէ, որ այն կարող է ուղիղ արտահայտել ՀԱԿ-ի տրամադրությունը:
-Այսինքն` այս դեպքում Կոնգրեսը տեղյակ չի՞ եղել Պուտինին աջակցելու Ձեր հայտարարության  մասին:
-Բացարձակ, մենք որ արտահայտում ենք մեր կուսակցության տեսակետը, մենք կարիք չունենք որեւիցե մեկի հետ այդ մասին պայմանավորվելու կամ խորհուրդ հարցնելու: Իմացե’ք, որ Հնչակյան կուսակցությունը մշտապես ինքնուրույն որոշումներ է կայացնում` այն, ինչ որ կապված է  կուսակցության տեսակետի հետ:
-Մեր տեղեկություններով` Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ է եղել այդ բաց նամակի բովանդակությունից:
-Տարօրինակ է, որ նման տեղեկություն ունեք, ես հանդիպում չեմ ունեցել եւ ոչ էլ կարծիք եմ փոխանակել… Նա այնքան մտածելու բաներ ունի, որ կուսակցական հարցերով նույնիսկ ծիծաղելի է դիմելը: Դա մեր կուսակցության տեսակետն է, ուրեմն այդքա՞ն եք գնահատում մեզ: Անիմաստ աժիոտաժ է, նույնիսկ վիրավորական ե’ւ ինձ համար, ե’ւ Հայ ազգային կոնգրեսի: Մենք` որպես կառույց,  մշտապես պահպանել ենք մեր անկախությունը, եւ այն, ինչ կապված է մեր երկրի եւ մեր պայքարի հետ, մենք այդ հարցերում Կոնգրեսի հետ համատեղ պայքար ենք տանում:
Ասեմ, որ անհեռատեսություն է հատկապես ֆեյսբուքյան բումը, որ բարձրացրել են որոշման մասին, առանց մտածելու, առանց խորանալու դրա իմաստի մեջ:
-Այնուամենայնիվ, տեսակետ կա, որ Կոնգրեսից ձեզ վրա ճնշում է գործադրվել, ինչից հետո էլ ստիպված եք եղել հայտարարել, թե դա միայն ու միայն ձեր կուսակցության որոշումն է:
-Մենք ինչ անում ենք` անում ենք մեր կամքով, մեր որոշումով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս